Տղամարդ էղի, ինչ ուզում ես՝ ստորագրի, բայց ուրիշների վրա մի գցի, ժողովրդին մի ստի. Վարդան Օսկանյան
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ներկայացրեց այն փաստաթուղթը, որն ապացուցում է՝ Հայաստանի այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, ստում է, երբ պնդում է՝ իբրև 1994-ից ի վեր արցախյան հիմնահարցի կարգավորման շուրջ բանակցությունները միտված են եղել Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն։
«Սա Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթն է, որը Մինսկի խմբի համանախագահներն են ներկայացրել 2007 թվականի դեկտեմբերին Մադրիդում ԵԱՀԿ նախարարների խորհրդի ժամանակ։ Այս փաստաթուղթը բովանդակային-բանակցային առումով կուլմինացիոն փաստաթուղթ է: Փաշինյանը, երբ ասում է՝ իբրև՝ միտված են եղել Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, ուրեմն դա այս կուլմինացիոն փաստաթղթի մեջ պետք է ամրագրված լիներ չէ՞, բայց ճիշտ հակառակն է․ ոչ միայն չի ամրագրվել, այլև հակառակն է ամրագրվել՝ ամրագրվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասաց Վարդան Օսկանյանը։
«Ես ներկա էի այդ մադրիդյան հանդիպմանը՝ որպես արտգործնախարար: Այնտեղ համանախագահների, արտաքին գործերի նախարարների մակարդակով՝ Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, ասացին՝ միջազգային հանրություն, նայեք, սա մեր վերջնական առաջարկն է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման առումով, գտնում ենք, որ այս փաստաթղթի հիման վրա պետք է լինի հարցի կարգավորումը, այսինքն՝ ինքնորոշման իրավունքի վրա, և սա միակ փաստաթուղթն է, որը Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացվել է՝ դրվելու ԵԱՀԿ դեպոզիտարիայում։ Սա այն փաստաթուղթն է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են որպես բանակցային հիմք: Փաշինյանը մեղմ ասած, ստում է, մեր ժողովրդի աչքերին նայելով՝ խաբում է։ Այս սկզբունքներն ասում են, որ Լեռնային Ղարաբաղն իրավունք ունի իր կարգավիճակը որոշելու քվեարկությամբ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի հանրաքվեի միջոցով որոշելու իր ճակատագիրը»,- խոսքը շարունակեց նախկին արտգործնխարարը։
Վարդան Օսկանյանն ընդգծեց նաև՝ եթե Փաշինյանը իր «զրոյական կետից» չսկսեր բանակցությունները, շարունակություն տար այս փաստաթղթին, մենք այսօր կունենայինք Արցախ՝ Լաչինի միջանցքով։
«Սա է փաստը, սա է իրականությունը։ Բայց Փաշինյանն, իսկապես, սխալվել է, և այդ սխալների արդյունքում ստացել է այն, ինչն այսօր մենք ունենք։ Փաշինյանը և՛ գլխավոր մեղավորն է, և՛ պատասխանատուն է Ղարաբաղի կորոստի համար, այստեղ երկու կարծիք չի կարող լինել»,- ընդգծեց նախկին արտգործնախարարը: