5 տարի առաջ ասած խոսքերիս հավատարիմ եմ մնում. ասում է Գյումրիում Նիկոլ Փաշինյանին խաբեբա անվանած Մարիամը

Ուղիղ հինգ տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը գրեթե 1,5 տարվա իշխանություն ուներ, այցելել էր Գյումրի։ Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում նրան փորձել էր մոտենալ մի կին, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չէին տալիս, կինը հեռվից բղավում էր, որ Նիկոլ Փաշինյանը բոլորին խաբել է։ Այդ բառերը լսելուց հետո Նիկոլ Փաշինյանը հորդորել էր թույլ տալ կնոջը մոտենալ իրեն։

Կինը մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին ու ասել, որ բոլորին, ամբողջ ազգին Նիկոլ Փաշինյանը խաբել է։

Նիկոլ Փաշինյանը կնոջ այս խոսքերին արձագանքել էր՝ ասելով, թե կփորձի հակառակն ապացուցել, բայց կինը հակադարձել  էր.

«Չես կարող, ոչ մի փոփոխություն չկա, այդպես ժպտալով մեզ հեչ մի բանի չես կարող հասցնել, լավ դերասան կլինեիր՝ ուրիշ ոչինչ»։

Կարդացեք նաև

Կինն այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանին մոտենալիս ասել էր, որ անունը Մարիամ է։

168.am այսօր տիկին Մարիամից հետաքրքրվեց՝ թե ինչի՞ց էր ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանն ամբողջ ազգին խաբում է ու որևէ բան չի կարող փոխել։

«Կարճ ու կոնկրետ ասեմ՝ հիմա խանութում եմ, երկար չեմ կարող խոսել։

Նիկոլ Փաշինյանը ժամանակին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աջ ձեռքն էր համարվում, նրա աշակերտն էր, հետո նրան թողեց ու սկսեց իր քաղաքականությունն առաջ տանել, մարտի 1-ն էլ ինքն արեց»,- նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի ցանկացել հասկանալ, թե ինչո՞ւ է ինքն այդպես մտածում։

«Ի սկզբանե այդպես եմ մտածել, հիմա էլ եմ այդպես մտածում։ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ լավ կարծիք չեմ ունեցել ու ոչ էլ կունենամ, մնում եմ 5 տարի առաջ ասած խոսքերիս ու կարծիքիս հավատարիմ»,- նշեց նա։

Տիկին Մարիամը խոստացավ Ամանորից հետո ավելի ծավալուն հարցազրույց տալ ու մանրամասնել, թե ինչո՞ւ է 5 տարի առաջ կանխագուշակել, որ Նիկոլը խաբել է ժողովրդին։

Տեսանյութեր

Լրահոս