Վրաստանը մտադիր է միայն խաղաղ ճանապարհով վերադարձնել իր տարածքները. Իվանիշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ունեցած ելույթում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի միավորման համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ համբերություն.
«Մենք պետք է համբերատար գտնվենք՝ հենվելով մեր պատմական եղբայրության ու բարեկամության վրա, ինչը ժամանակի ընթացքում կբերի բոլոր կողմերի ցանկությունը՝ կառուցելու միասնական պետություն:
Բանաձևը պարզ է. տնտեսական ուժեղացում, դեմոկրատական հիմքերի կառուցում, ինչը Վրաստանը հետաքրքիր կդարձնի առաջին հերթին աբխազների ու օսերի, ինչպես նաև Ռուսաստանի ու Եվրոպայի համար: Նրանք պետք է ցանկանան ապրել մեզ հետ՝ մոռանալով անցյալում տեղի ունեցածը:
Դրա համար անհրաժեշտ է ժամանակ և համբերություն, որպեսզի կողմերը մոռանան իրենց վերքերի մասին: Միայն դրանից հետո մենք կարող ենք քննարկել համատեղ բնակության հարցը և մոռանալ այն սխալները, որոնք այս տարիներին թույլ են տրվել երկու կողմից էլ:
Աբխազիան ու Հարավային Օսիան Վրաստանի մասերն են: Հետևաբար, նրանք հնարավորություն կունենան վրացական պատվիրակության կազմում մասնակցել ԵԽ-ի աշխատանքներին: Վրաստանը մտադիր է կորցրած տարածքները վերադարձնել միայն խաղաղ ճանապարհով և այդպիսի քաղաքականություն է վարում նաև Ռուսաստանի հանդեպ:
Ավելի վաղ երկու երկրների միջև հռետորիկան կրում էր վիրավորական բնույթ, և բոլորը տեսան, թե դա ինչ տվեց մեզ: Այժմ մենք միայն խաղաղ ճանապարհով ենք լուծելու առկա բոլոր խնդիրները: Ռուսաստանի հետ հարաբերություններում Վրաստանի դիրքորոշումը լինելու է սկզբունքային, սակայն կոռեկտ:
Բոլորի համար ակնհայտ է, որ Ռուսաստանը 2008 թվականին օկուպացրել է մեր երկրի տարածքի 20 տոկոսը: Մենք պետք է մեր ամենամեծ հարևանի հետ երկխոսությունը վարենք նոր, պրագմատիկ մոտեցմամբ: Դժբախտաբար մեր տարածաշրջանում դեռ գոյություն ունի հակամարտության վտանգ»: