Ուկրաինային աջակցությունը ԵՄ երկրների ղեկավարների ուշադրության կենտրոնում է լինելու Բրյուսելի հանդիպմանը
Եվրոպական խորհուրդը դեկտեմբերի 19-ին Բրյուսելում նիստ կանցկացնի, որի օրակարգում են Ուկրաինան, Մերձավոր Արևելքը, ԵՄ-ի դերն աշխարհում, արտաքին քաղաքականության մի շարք հարցեր, այդ թվում՝ Վրաստանը և Մոլդովան, ԵՄ կայունությունը, նրա քաղաքացիական և ռազմական պատրաստվածությունը, միգրացիան։
«Եվրոպական խորհրդի դեկտեմբերյան նիստն Ուկրաինային աջակցության միասնական և աներկբա ուղերձ հղելու կարևոր հնարավորություն է՝ հանուն համապարփակ, արդար և հաստատուն խաղաղության: Ես նախագահ Զելենսկիին հրավիրել եմ Բրյուսել ժամանել Եվրոպական խորհրդի նիստի կապակցությամբ, որպեսզի կարծիքներ փոխանակենք տեղում վերջին իրադարձությունների և նրա տեսակետների մասին, թե ինչպես Եվրոպան կարող է լավագույնս աջակցել Ուկրաինային», – ասվում է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի՝ ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր նամակում, որն ուղարկվել է ԵՄ առաջնորդներին:
«ԵՄ-ն պատրաստ է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի և նրան աջակցող երրորդ երկրների վրա, այդ թվում՝ պատժամիջոցների լիարժեք և արդյունավետ կիրառումն ապահովելու ուղիով և հետագա միջոցներ ձեռնարկելով դրանց շրջանցմանը հակազդելու համար», – ասվում է գագաթնաժողովի առթիվ Եվրոպական խորհրդի կողմից տարածված նյութերում։
Մերձավոր Արևելքի առնչությամբ ԵՄ առաջնորդները կքննարկեն «տարածաշրջանում արագ փոփոխվող իրավիճակը, ներառյալ այն, թե ինչպես ԵՄ-ն կարող է լավագույնս նպաստել լարվածության ապաէսկալացման ջանքերին, Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը և Սիրիայում վերջին իրադարձությունները»: Ակնկալվում է, որ կոնկրետ իրադարձությունների լույսի ներքո կքննարկվեն արտաքին քաղաքականության հրատապ հարցեր, այդ թվում՝ Վրաստանին և Մոլդովային վերաբերող:
Ինչ վերաբերում է միգրացիային, ապա Եվրախորհուրդը պլանավորում է գնահատել այս թեմայի վերաբերյալ իր նախկին եզրակացությունների իրականացման առաջընթացը: Հոկտեմբերի 17-ի գագաթնաժողովում առաջնորդները քննարկել են, թե ինչպես ուժեղացնել վերահսկողությունը ԵՄ-ի արտաքին սահմանների վրա, համագործակցություն հաստատել միգրացիայի ծագման և տարանցման երկրների հետ՝ դրա հիմնական պատճառները վերացնելու, մաքսանենգության և մարդկանց վաճառքի դեմ պայքարելու համար։