Մահացել է անվանի մարզիչ Արմեն Անտոնյանը
Այսօր 68 տարեկանում մահացել է բռնցքամարտի աշխարհում անվանի մասնագետ, ԽՍՀՄ և Հայաստանի վաստակավոր մարզիչ Արմեն Անտոնյանը։
Ցավակցական նամակ է հղել նաև ՀԱՕԿ-ը։
«Ծանր կորուստ կրեց հայրենական սպորտը. 68-ը դեռ չբոլորած կյանքին հրաժեշտ տվեց բռնցքամարտից սպորտի վարպետ, ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դոցենտ Արմեն Լևոնի Անտոնյանը: Նա բազմիցս նվաճել է Հայաստանի և «Բուրեվեստնիկ» մարզական ընկերության համամիութենական խորհրդի չեմպիոնի կոչումը:
Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո Արմեն Անտոնյանը անդավաճան մնաց իր մարզաձևին և համալրեց մարզիչների շարքը: Շուտ բացահայտվեցին նրա մասնագիտական հմտությունները։ Ընդամենը մի քանի տարում նրա սաներից Հակոբ Պողոսյանը դարձավ ԽՍՀՄ երիտասարդական ստուգատեսի արծաթե մեդալակիր: Հաջորդեցին շատերը, որոնցից Արտյոմ Սիմոնյանը նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը: Այդուհանդերձ հարյուրավոր պարապողներից առանձնացավ ԽՍՀՄ և Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր, անկախ Հայաստանից աշխարհի առաջին չեմպիոն /1993 թ./ ու մրցանակակիր և աշխարհի գավաթակիր /1994 թ./ Նշան Մունչյանը :
Արմեն Անտոնյանին հաջողվել է տասնամյակներ շարունակ անձնական աշակերտներ ունենալ ԽՍՀՄ–ի և Հայաստանի հավաքականներում և նա ավելի քան 10 տարի եղել է Խորհրդային Միության հավաքականի մարզչական խորհրդի կազմում:
Վաստակաշատ մարզչի կորստի պատճառած վիշտն անափ է գործընկերների, նախկին ու ներկա բռնցքամարտիկների համար: Հուշերն անսահման են, քանզի նա հիանալի մասնագետ լինելով նաև անթերի ընկեր էր` օծտված նուրբ հումորով, զարմանալի հմտությամբ նմանակում էր ու հանպատրաստի բառախաղեր ստեղծում բռնցքամարտի մարդկանց մասին:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մարզաշխարհի մարդկանց անունից ցավակցում է անվանի մարզչի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին, ընկերներին:
Արմեն Անտոնյանի հիշատակը անջնջելի կման նրան ճանաչողների սրտում:
Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 24–ին, ժամը 18–ին, Բագրատունյաց 1 հասցեում գործող մատուռում / մայրաքաղաքի 6–րդ հիվանդանոցի հարևանությամբ/: Հուղարկավորությունը ապրիլի 25–ին, նույն տեղից` ժամը 14 –ին»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը