«Ալիևի ասած 300.000 ադրբեջանցին լինելու են Փաշինյանի էլեկտորատը՝ բնակեցվելով Հայաստանում». Դավիթ Անանյան
«Հայաստանի այս իշխանությունը քաղաքականություն չի վարում. չկա՛ քաղաքականություն, այս մարդիկ զբաղված են ընդամենն իշխանությունը պահելու խնդրով, որովհետև այդ իշխանությունն իրենց գոյության երաշխիքն է։ Դա է պատճառը, որ իրենց հետաքրքիր չէ, որ Ադրբեջանն այսօր զորավարժություններ է անում «Լեռնային և քաղաքային մարտեր» խորագրով, իրենց հետաքրքիր չէ այն, որ Թուրքիայի Գլխավոր շտաբի բարձրաստիճան պաշտոնյաները գնում են Ադրբեջան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Անանյանը։
«Հայաստանը, դե ֆակտո, որպես պետություն՝ գոյություն չունի. պետության գլխին գտնվողներն այս ամեն ինչը վերածել են իրենց գոյության երաշխիքները հավաքագրելու գործին… Իշխանության համար իրենց վերարտադրվելը կյանքի և մահու հարց է՝ ցանկացած գնով ուզում են հասնել դրան, որովհետև իշխանությունը գիտի՝ իշխանություն չունենալը հավասար է ֆիզիկական չգոյության։ Ատամներով են պայքարում իշխանության համար»,- ասաց Դավիթ Անանյանը։
Նրա խոսքով, ի տարբերություն ՀՀ իշխանության, սակայն, հակառակ կողմում կանգնածները՝ հավաքական ընդդիմությունը, կանգնած է շիվարած. չունի օրակարգ, իսկ հաճախ էլ զբաղվում է պատրանքային գործունեությամբ։
«Գուցե չկա իշխանություն վերցնելու ցանկություն, չգիտեմ, գուցե, բայց կա մոլուցք՝ գահընկեց անելու, իսկ, երբ շարժվում ես մոլուցքով, այսպես է լինում։ Օրակարգ ոչ ոք չունի»,- ասաց Անանյանը։
Ընդդիմադիր դաշտում, ըստ Անանյանի, չկա համախմբվելու ձգտում և ցանկություն, կա եսակենտրոնությունը, ինչը խանգարում է բոլորին, և, կամա թե ակամա, ստացվում է, որ նրանք ևս խաբում են հանրությանը։
«Ինչ վերաբերում է նրան, թե իշխանությունն ընկած է փողոցում, ապա այսօր այդպես չէ. շատ ամուր է այն այսօրվա իշխանության ձեռքերում։ Իշխանությունը որևէ ձևով չեն զիջելու, անգամ ընտրություններով չեն զիջելու՝ անկախ արդյունքներից»,- ասաց Անանյանը՝ ընդգծելով՝ քանի դեռ իշխանությունը չի տեսնում իրեն այլընտրանք իրական ընդդիմություն, չի տեսնում քաղաքական և քաղաքացիական ուժերի համախմբում և չի տեսնում գահընկեց լինելու վտանգը, մտածելու է 2031 թվականին վերընտրվելու մասին։
«Իսկ Հայաստանում բնակվել ցանկացող այդ 300.000 ադրբեջանցին, որոնց մասին խոսվում է, լինելու է այս իշխանության էլեկտորատը»,- ասաց Անանյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։