#ՀԻՄԱ. ՄԱՐՏԻ 1-Ի ՎԵՐԱԲԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում էր «Մարտի 1»-ի վերաբացված գործի քննությունը:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբացված գործով դատական նիստը:
Պետրոսյանը, ինչպես տեղեկացրել է մամուլն ավելի վաղ, պարզվում է, 2018 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից: Համացանցում առկա են տեսանյութեր, որտեղ Նիկոլ Փաշինյանը շիրակցիների հետ հանդիպման ժամանակ ներկայացնում է իր թիմակիցներին և պատգամավորի թեկնածուներին, որոնցից մեկը Սարգիս Պետրոսյանն է:
Նախորդ դատական նիստին որոշակի դատավարական գործողություններից հետո դատավոր Պետրոսյանն առաջարկեց անցնել բացարկի ու ինքնաբացարկի հարցերին: Մեղադրյալների պաշտպանները դատավորին նրա քաղաքական կողմնորոշման հիմքով բացարկի միջնորդություն ներկայացրեցին:
Դատավորը որոշեց, որ բացարկի հիմքեր ինքը չունի: Մինչ այդ կրկին պնդեց՝ ինքը հայրենասեր մարդ է, և անգամ իր զարթուցիչի ձայնը ՀՀ հիմն է:
Այսօրվա դատական նիստը կարճ ընթացք ունեցավ: Բացակայում էր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, և վերջինս չցանկացավ, որ դատական նիստն ու քննարկումներն ընթանան առանց իր պաշտպանի:
168.am-ը դեռևս 3 ամիս առաջ էր գրել, որ ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը սինխրոն մասնակցում են Նիկոլ Փաշինյանի՝ «Քոչարյանը կդատվի» նախընտրական շոուին:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Սահմանադրական դատարանը որոշեց.
1998թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմը, որով որակվել է ամբաստանյալին մեղսագրվող արարքը, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը (նրան մեղսագրվող արարքի իրավական որակումը)՝ ամբաստանյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից:
Սա նշանակում էր «Մարտի 1»-ի գործի վերաբացում: Ուշագրավ էր, որ այդ որոշման կայացմանը ՍԴ-ում մասնակցել էին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ արդեն իսկ ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանն ու որ առավել հետաքրքրքական է, «Մարտի 1»-ի գործո տուժողի շահերի ներկայացուցիչ, այժմ՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: