Կայացավ հայ-լեհական բիզնես-ֆորումը
Ապրիլի 22-ին հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի շրջանակներում, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում անցկացվեց հայ-լեհական գործարար համաժողով:
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, Լեհաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տոմաշ Տոմչիկևիչը, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, Լեհաստան-Հայաստան տնտեսական պալատի նախագահ Զբիգնև Շմուրլոն, Լեհաստան-Հայաստան տնտեսական պալատի փոխնախագահ Մացեյ Բոխոսեևիչը:
Համաժողովին մասնակցելու նպատակով Լեհաստանից Հայաստան են ժամանել արդյունաբերական տարբեր (հիմնականում` շինարարական. նախագծային լուծումներ, քարի մշակում, ինժեներային գեոդեզիա, շինարարական նյութեր, ձուլվածքային կառուցվածքներ, գանձապահարանների սարքավորումների արտադրություն, բնական աղբյուրի ջուր) ոլորտներ ներկայացնող շինարարություն ներկայացնող 9 ընկերությունների ներկայցուցիչներ:
Միջոցառման ընթացքում Զարգացման հայկական գործակալության կողմից ներկայացվեց Հայաստանի ներդրումային միջավայրի նկարագիրը:
Համաժողովը հնարավորություն կընձեռի հայ գործարարներին` ներկայացնելու իրենց գործարար առաջարկները, ինչպես նաև կնպաստի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Համաժողովը կազմակերպվել է Զարգացման հայկական գործակալության կողմից:
Լրացուցիչ տեղեկատվություն
2011թ. Հուլիսի 29-ին, Երևանում Փոխըմբռնման եւ համագործակցության հուշագիր ստորագրվեց Զարգացման Հայկական Գործակալության և Տեղեկատվության և Արտասահմանյան Ներդրումների լեհական գործակալության միջև: 2012թ. Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 42.4 մլն ԱՄՆ դոլար, որից արտահանումը կազմել է 599.3 հազ. ԱՄՆ դոլար և ներմուծումը` 41.8 մլն ԱՄՆ դոլար: Հիմնականում արտահանվում են կաուչուկ, խմիչքներ, աղ, ցեմենտ, քար, կրաքար, ալյումին և ներմուծվում են եթերային յուղեր, օճառ, մակերեսային ակտիվ օրգանական միջոցներ, փայտ և փայտից իրեր, էլեկտրական սարքավորում, թուղթ, շաքար, կակաո, ապակի, դեղագործական ապրանքներ և այլն: ՀՀ-ում լեհական կապիտալով գործում են 12 ընկերություն: