Ոստիկանները հայտնաբերեցին ԱԺ նախկին պատգամավորի եղբոր բենզալցակայանի վրա ավազակային հարձակում կատարած 4 անձանց (լուսանկարներ)
Այսօր՝ ապրիլի 22-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և տեղամասային տեսուչները, նույն քննչական բաժնի հետ իրացնելով օպերատիվ հետախուզական գործողություններ, Երևանի մի քանի թաղամասերից ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել 4 անձի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք են Չարբախ թաղամասի բնակիչ 18-ամյա Արմենակ Ջավադյանը, Սարիթաղի բնակիչ, 18-ամյա Միշա Սաղաթելյանը, Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ, 19-ամյա Միքայել Հարությունյանը և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ, 18-ամյա Թորգոմ Հարությունյանը: Վերջինս վարձակալական հիմունքներով բնակվում է Երևանի Նորագյուղ թաղամասում: Գ. Շամշյանը հայտնում է, որ պարզվել է, որ նշված անձինք, նախապես համաձայնության գալով, այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 02:30-ի սահմաններում, Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան և Այվազովսկի փողոցների հատման մասում գտնվող «Վարդան 91» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանում ավազակային հարձակում էին կատարել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանցից մեկը մոտեցել էր բենզալցակայանի լիցքավորող Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Տիկբիկյանին և հայտնել, որ ցանկանում է շշով բենզին գնել, և երբ լիցքավորողը մոտեցել և բացել էր սրահի մուտքի դուռը, այդ ժամանակ դրսից դիմակավորված մեկ այլ անձ հրել և բացել էր դուռը և մտել սրահ, հարվածել Ա. Տիկբիկյանի գլխին, սակայն երբ վերջիններս լսել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին վաշտի ոստիկանների ծառայողական ավտոմեքենայի ազդանշանի ձայնը, դիմել են փախուստի:
ՊՊԾ գնդի ոստիկանները կատարվածի մասին տեղեկացրել են ոստիկանության Էրեբունու բաժին, որից հետո նշված բենզալցակայան են ժամանել Էրեբունու ոստիկանապետ Լևոն Յազիչյանը, օպերգծով տեղակալ Արսեն Ավոյանը, քրեական հետախուզական բաժանմունքի պետ Գևորգ Հակոբյանը, քննչական բաժնի պետ Թեմուր Ջնդոյանն ու քննիչ Արմեն Մաթևոսյանը: Բենզալցակայանի մոտ ոստիկանները հայտնաբերել են 2 հատ բրդյա գործվածքից սև գույնի դիմակ:
Քննիչի որոշմամբ՝ Ա. Տիկբիկյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ֆոտոլրագրողը հայտնել է նաև, որ փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասով (ավազակային հարձակում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախապես պայմանավորվածության համաձայն) հատկանիշներով:
Գ. Շամշյանը հայտնել է, որ իր տեղեկություններով՝ Էրեբունու ոստիկաններն ունեն արդեն օպերատիվ տեղեկություններ, թե ովքեր են կատարել ավազակային հարձակումը: Ձեռնարկվել են օպերատիվ քննչական հետախուզական միջոցառումներ՝ ավազակային հարձակում կատարող անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Ի դեպ, նշված բենզալցակայանը պատկանում է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, հանգուցյալ Գևորգ Հակոբյանի՝ «Կոմբիկերի Վլադ»-ի եղբորը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի