Անկեղծ ասած, մեզ երբեք չեն առաջարկել, չեն ճնշել և չեն ակնկալել որևէ ձևով մասնակցել Ուկրաինայում պատերազմին. Միրզոյան
Անկեղծ ասած, մեզ երբեք չեն առաջարկել, չեն ճնշել և չեն ակնկալել որևէ ձևով մասնակցել Ուկրաինայում պատերազմին: Նման փորձ չի եղել: Այս մասին ֆինլանդական լրատվական գործակալությանը տված հարցարզույցումա սել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝պատասխանելով հարցին, թե որքանով է Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը համատեղելի եվրոպական նպատակների հետ, կարող է արդյոք Հայաստանը ենթարկվել ճնշման՝ մասնակցելու Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ:
«ՀԱՊԿ-ի շրջանակներում ՀՀ ներգրավածության վերաբերյալ հարցին նախարար Միրզոյանը պատասխանել է. «Ֆորմալ առումով, մենք դեռևս ՀԱՊԿ-ի մաս ենք կազմում, բայց հայտարարել ենք, որ սառեցրել ենք մեր մասնակցությունը կազմակերպության գործունեությանը: Տասնամյակներ շարունակ մտածել եք, որ ռազմական առումով պետք է լինենք այս ռազմական դաշինքում, քանի որ ունեցել ենք ընդհանուր սպառնալիքներ, որոշ մտահոգություններ՝ կապված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և անկախության դեմ հնարավոր ագրեսիայի հետ: Մենք կարծում էինք, որ այս կազմակերպությունը կօգնի մեզ պաշտպանել մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Ցավոք, վերջին տարիներին մենք ականատես ենք եղել մի քանի հարձակումների և խախտվել են մեր միջազգայնորեն ճանաչված սահմանները: Երբ դա տեղի է ունեցել, մենք երբեք իրական աջակցություն չենք ստացել: Այդպիսի պարտավորություններ ունեցող դաշնակիցները պետք է օգնեն միմյանց, ռազմական դաշինքի իմաստը հենց դա է»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ այս անտարբեր վերաբերմունքը հանգեցրեց հսկայական հիասթափության, դա փոխեց Հայաստանում հասարակական կարծիքը:
« Դա յուրահատուկ վիճակ է ստեղծել: Մենք գտնվում ենք մի մեծ գործընթացի մեջ: Թե ուր կտանի մեզ այս գործընթացը, չեմ կարող կանխատեսել, բայց կարող եմ ասել, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները եվրոպացի գործընկերների հետ տարբեր ոլորտներում: Խոսքը գնում է տնտեսության, տնտեսական դիմակայունության, ինչպես նաև քաղաքական երկխոսության և փոխըմբռնման մասին: Կա ԵՄ ներգրավվածություն անվտանգության հարցերում, Հայաստանի անվտանգության միջավայրում: Մենք ԵՄ-ի հետ ունենք քաղաքական և անվտանգության երկխոսության ձևաչափ: Հայաստանում տեղակայված է ԵՄ առաքելությունը, որը մշտադիտարկում է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս զարգացումները մի քանի տարի առաջ անհնար էր պատկերացնել»,- ասել է նախարարը: