Գարիկ Սարգսյանի քեռին միլիոնների տենդեր է շահել, Փամբուխչյանի հայրը 1.5 միլիարդ անտոկոս վարկ ստացել

ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հիշեցրել է, որ տարիներ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության, իր հիմնական խոսույթն այն մասին էր, որ եկել է արմատախիլ անելու կոռուպցիան, «սպանելու պոզով-պոչով վախենալու կենդանուն»։

Մինչդեռ, ըստ Աննա Գրիգորյանի, ժամանակի ընթացքում Փաշինյանն ընկերացավ «պոզով-պոչով» այդ կենդանու հետ, բարեկամացավ, իր մշտական ընկերը դարձրեց, և կոռուպցիայի դեմ պայքարի մասով իրական փոփոխությունների հասնելու ուղղությամբ որևէ քննարկում ընդհանրապես չկա։

Այնուհետև ընդդիմադիր պատգամավորը բերել է կոնկրետ փաստեր, որ այս իշխանությունը ոտքից գլուխ թաթախված է կոռուպցիայի մեջ:

«Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանն իր հարազատ քեռուց միայն 2023-ին 280 միլիոն դրամանոց տենդեր է վերցրել, իսկ 2018-2024 թվականների ընթացքում, այսինքն, այս իշխանությունների կառավարման ժամանակահատվածում, 206 միլիոն դրամի տենդեր շահել է Գարիկ Սարգսյանի քեռին։ Բա ո՞վ շահեր, եթե Գարիկ Սարգսյանի քեռին չշահեր:

Կարդացեք նաև

Հաջորդը Դիլիջանի համայնքապետի հարցն է: Նա սեփական եղբորը շուկայականից էժան և արագացված, հրատապ կերպով տարածք է տալիս, և դրանից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ասում է, որ պետք է վճարի 300.000 դրամ տուգանք, և դրանով ամբողջ խնդիրն ավարտվում է»,- մանրամասնել է Աննա Գրիգորյանը և անցել Երևանի փոխքաղաքապետ ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանին: Նրա հայրը, որն արդեն թոշակառու է, ձեռք է բերել 40 հա հողատարածք՝ կառուցելու ինտենսիվ այգի:

«Եվ բանկից ձեռք է բերում 1,5 միլիարդ դրամ վարկ, ավելին, կառավարությունը 102.5 միլիոն դրամ է տալիս այդ վարկի տոկոսը սուբսիդավորելու համար, այսինքն, անտոկոս վարկ է ձևակերպվել:

Հաջորդ նման հաջողակը Վահե Հովհաննիսյանն է՝ ֆինանսների նախարար, ով էլի 1.5 մլն դոլարի վարկ է ստացել, էլի անտոկոս։ Ես ուզում եմ հասկանալ՝ էդպես քանի՞ հաջողակ կա ՔՊ-ում կամ դրանից դուրս, որ կարող է գնալ ու անտոկոս վարկ ստանա, ձևերն ասեք՝ մենք էլ իմանանք։ Լավ, մեզ չէ, մեր հայրենակիցներին ասեք՝ անտոկոս վարկ ստանալու ձևը որն է՝ թող իմանան։

Հաջորդը՝ Տիգրան Ավինյանը դեռ 2010–ականն թթ.-ից ձևավորված «Իրիգեյթ» կազմակերպություն ուներ, որի հաջողությունը բացվում է 2018 թ.՝ և 10-յակ անգամներով ավելի մեծ շրջանառություններ են լինում: Հիմա այստեղ ԿԿՀ-ն անելիք ունի՞, թե՞ ոչ։

Նույնը ես անհոգնել կրկնելու եմ ԱՆԻՖ հիմնադրամի մասին, 10 մլրդ դրամը ձեր ո՞ր գրպանից էր դուրս եկել, որ հանգիստ ասում եք՝ 10 մլրդ-ը չկա՝ ոչինչ որ չկա, չէ, ոչինչ չի, դա մեր հարկատուների ձևավորած գումարն է, պատասխան տվեք։ 10-յակ մարդիկ ամեն ամիս ստացել են 10.000 դոլար, 15.000 դոլար աշխատավարձ, գործուղումներ պարգևավճարներ, ովքե՞ր են այդ մարդիկ, ինչո՞ւ պետք է իրենք վատնեին ՀՀ հերոս քաղաքացու գումարները»,- շարունակել է Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս