Անիրատեսական է որևէ միջամտություն. դժվար է կանխատեսել, թե որ ուղղությամբ կզարգանան իրադարձությունները. Հովհաննես Ալեքսանյան

ՀՀ արտգործնախարարությունից այսօր «Արմենպրեսին» փոխանցել էին, որ Հալեպում անվտանգ տարհանման հնարավորությունն այս պահին բացակայում է։ ԱԳ նախարարությունն ուշադրությամբ հետևում է զարգացումներին, հնարավորության պարագայում կդիտարկվեն բոլոր տարբերակները։

168.am-ի հետ զրույցում Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանն ասաց, որ հանձնակատարի գրասենյակը ևս կապի մեջ է Սիրիայում գտնվող մեր հայրենակիցների հետ։

«Մենք ամենօրյա կապի մեջ ենք հայ համայնքի, համայնքային կառույցների, անհատների հետ։ Փորձում ենք մոնիթորինգի տակ պահել ամբողջ իրավիճակը, կապի մեջ ենք Քեսաբի ու Լաթաքիայի հայերի հետ։

Նոյեմբերի 27-ից հակակառավարական, ընդդիմադիր իսլամիստական ուժերը հարձակում էին սկսել Հալեպի վրա. սա հաջորդեց Իսրայել-Լիբանան հրադադարին։

Կարդացեք նաև

2-3 օրում Հալեպն ամբողջովին վերցվել է այդ ուժերի վերահսկողության տակ։ Հալեպից դուրս էր բերվել Հայաստանի ականազերծող խումբը, իսկ հյուպատոսը հավատարմագիրը հանձնելու նպատակով Դամասկոսում է, այնտեղից է շարունակում իր աշխատանքը»,- նշեց Հովհաննես Ալեքսանյանը։

Նա ընդգծեց, որ այս պահին փաստացի Հալեպից դուրս բերող ու տանող բոլոր ճանապարհները վերահսկվում են այդ խմբավորումների կողմից։

«Անիրատեսական է որևէ միջամտություն, քանի դեռ կառավարական զորքերը մարտեր են մղում արդեն Համայի շրջանում։

Սիրիական կոնֆլիկտն արդեն շարունակվում է 13 տարուց ավելի, հալեպահայ համայնքն այս տարիների ընթացքում զգալիորեն նոսրացել է։ Շատերն այս ընթացքում տեղափոխվել են Հայաստան, մի մասը՝ եվրոպական տարբեր երկրներ։ Մեր այն հայրենակիցները, որոնք Սիրիայից, մասնավորապես՝ Հալեպից դուրս գալու մտադրություն ունեցել են, մի քանի տարի առաջ արդեն դուրս են եկել։ Հիմա, երբ խոսում ենք համայնքի և այլ կառույցների ներկայացուցիչների հետ, հստակ ասում են, որ այս պահին Հալեպում հիմնականում այն հայերն են, որոնք չեն ուզում իրենց տունն ու հաստատությունները լքեն, երբևէ չեն մտածել քաղաքը լքելու մասին։

Իհարկե, հասկանալի է, որ սրացումների ֆոնին շատերը մտորում են այդ մասին, որ դուրս չեն եկել Հալեպից, բայց իրականությունն այն է, որ շատ հայեր այսօր շարունակում են մնալ Հալեպում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա, այս պահին իրավիճակը բարդ է՝ 2-3 օրում մարդկանց կյանքն ակնհայտորեն փոխվեց։ Այս պահին հայ հոգևոր կառույցները հայտարարել են, որ հայերը մնան տներում։ Հայտարարված է պարետային ժամ, որը պետք է պահպանեն բոլորը՝ մնան տներում։

«Կրթական և այլ հաստատություններ ևս փակ են, բայց բարեգործական կազմակերպություններն աշխատանքներ տանում են։ Խմբավորումը, որը վերահսկում է Հալեպը, հայտարարություն է տարածել, որ քրիստոնյաներին, այդ թվում՝ հայերին, որևէ վտանգ չի սպառնում, և այս պահին արձանագրված դեպքեր չկան։ Սակայն այս պահին իրավիճակը դժվար է կանխատեսել, թե որ ուղղությամբ կզարգանան։

Ինչ վերաբերում է Քեսաբին, ապա այնտեղ անհամեմատ ավելի հանգիստ է»,- եզրափակեց Հովհաննես Ալեքսանյանը։

Տեսանյութեր

Լրահոս