Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը նույնպես կհեռանան Քննչական կոմիտեից

«Սիրելի գործընկերներ, ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա»,- առավոտյան Ֆեյսբուքի իր էջում գրել էր ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ Արգիշտի Քյարամյանի՝ ՔԿ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Կոմիտեից հեռանում են բարձր պաշոններ զբաղեցնող ծառայողները, այդ թվում՝  ՔԿ իրավաբանական վարչության պետ Արթուր Վարդանյանը, ՔԿ տնտեսական հանցագործությունների և  մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ Արսեն Սիմոնյանը, ովքեր ոչ միայն չեն պատկերացնում իրենց աշխատանքն առանց Քյարամյանի, այլև գլխավոր դատախազի գործող տեղակալ Արթուր Պողոսյանի հետ, ում անունը Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է՝ որպես Քյարամյանի հնարավոր փոխարինողի:

Այնուամենայնիվ, 168.am-ը տեղեկացավ, որ Քննչական կոմիտեում շարունակվում է շատ բարձր պաշտոնների թափուր հաստիքների շքերթը: Մեր տեղեկություններով՝ իրենց զբաղեցրած պաշտոններից Արթուր Պողոսյանի նշանակման դեպքում կհեռանան նաև ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ Գևորգ Բաղդասարյանը և ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ Պետրոս Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ երկուսն էլ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կադրերն են: Գևորգ Բաղդասարյանը գլխավոր դատախազի տեղակալն էր, Պետրոս Պետրոսյանը՝ Կոտայքի մարզի դատախազը: Երկուսն էլ դատախազության համակարգից հեռացան Աննա Վարդապետյանի՝ գլխավոր դատախազ դառնալուց հետո:

Ի պատասխան մեր հարցի՝ արդյո՞ք արդեն իսկ ազատման դիմումներ գրել են Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը, Կոմիտեից պատասխանեցին՝ նրանք շարունակում են աշխատել:

Կարդացեք նաև

Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը, իհարկե, անգործ չեն մնա: Երկուսն էլ մասնագիտական բարձր պատրաստվածություն ու թերևս փաստաբանի արտոնագիր ունեցող անձինք են, ու գործազրկություն նրանց հաստատ չի սպառնա:

Աննա Վարդապետյանի ցնծությունը շարունակվում է. նա դեռ շարունակում է հաղթանակ տանել Արգիշտի Քյարամյանի նկատմամբ, բայց Նիկոլ Փաշինյանը բազմիցս ապացուցել է՝ իր համար հեղինակություններ, հիշողություն և կարմիր գծեր չկան:

Տեսանյութեր

Լրահոս