«Նոր Հայաստանը»՝ ՕԵԿ-ի կազմո՞ւմ
«Կոնգրես» հյուրանոցում 30 րոպե ուշացումով մեկնարկեց «Նոր Հայաստան» կուսակցության երկրորդ արտահերթ համագումարը, որի օրակարգում երկու հարց էր ընդգրկված՝ կուսակցության միավորումը «Օրինաց երկիր» կուսակցության հետ և կուսակցության գրանցումը Արդարադատության նախարարությունում, քանի որ մեկ անգամ ԱՆ-ն արդեն մերժել է գրանցումը:
Համագումարի մեկնարկը տրվեց ՀՀ օրհներգով: Մինչ համագումարի մեկնարկը մեզ հետ զրույցում կուսակցության նախագահ Բաբկեն Հարությունյանը տեղեկացրեց, որ կուսակցությունը ստեծվել է 2013թ., իսկ հիմնադիր համագումարը տեղի է ունեցել մոտ երկու ամիս առաջ: Բ. Հարությունյանի հավաստմամբ, կուսակցությունն ունի 1100 անդամ: Վերջինս նշեց, որ համագումարին հրավիրված էր 100 պատվիրակ, սակայն նկատենք, որ սրահը, մեղմ ասած, կիսադատարկ էր: Այլ կուսակցությունների հրավեր չի ուղարկվել:
Նշենք, որ ՕԵԿ-ից «Նոր Հայաստանի» համագումարին ներկա են կուսակցության փոխնախագահ, ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը և նույն խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: Մինչ համագումարի մեկնարկը նրանք հրաժարվեցին մեկնաբանություններ տալ համագումարի վերաբերյալ: