Բաժիններ՝

Հնամաշ գաղափար. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. ««Ապստամբության կամ հեղափոխության հնամաշ գաղափարները պետք է վերջնականապես դուրս մղվեն մեր երկրի քաղաքական օրակարգից: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, Հայաստանը իրավական, ժողովրդավարական պետություն դառնալու հեռանկար չի կարող ունենալ:

Պատմությանը գրեթե հայտնի չէ որևէ հեղափոխություն, որի արդյունքում ժողովրդավարություն ծնվի: Հեղափոխության արդյունքում, սովորաբար, մի բռնապետությանը փոխարինում է մի այլ բռնապետություն, որովհետև ուժով նվաճված իշխանությունը այլ կերպ՝ քան ուժով, հնարավոր չէ պահպանել: Իսկ դա այն հեռանկարը չէ, որի համար արժե վատնել ժողովրդի եռանդը»:

Այս խոսքերի հեղինակը պատմաբան է, որի գիտելիքների և դատողունակության մեջ ես ոչ մի կասկած չունեմ: «Ի՞նչ է մեր ուզածը և ինչպե՞ս ենք մենք տեսնում այս երկրի բարեփոխումը կամ համակարգային փոփոխությունը: Ես չեմ վախենում այս բառից, թեև շատերը կոմպլեքսավորված են: Մեր խնդիրն է՝ իրականացնել բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն… Ամբոդջ աշխարհի ներկայիս քաղաքակրթությունը ստեղծվել է հենց բուրժուա-դեմոկրատական հեղափոխության շնորհիվ»: Այս խոսքերը նույնպես պատկանում են չափազանց հարգված մի պատմաբանի: Ավելին ասեմ՝ երկու դեպքերում հեղինակը նույնն է՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Պարզապես առաջին միտքը նա հայտնել է 2009 թվականի մարտի 1-ին՝ Մատենադարանի հարթակից (հեղափոխական, ժողովրդական ընդվզման մթնոլորտում), երկրորդը՝ 2013-ի ապրիլի 13-ին՝ Մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում (պաշտոնական, համագումարային միջավայրում):

Ինձ իրավունք չեմ վերապահում բանավիճել առաջին նախագահի հետ՝ նախևառաջ, կարգավիճակների տարբերության պատճառով: Մանավանդ, վստահ եմ, որ նրա կողմնակիցները մտքի բավական ճկունություն ունեն՝ բացատրելու, որ առաջին դեպքում Տեր-Պետրոսյանը «հեղափոխություն» ասելով մի բան էր հասկանոմ, իսկ երկրորդ դեպքում՝ բոլորովին այլ բան: Դրա համար էլ երկու բառ ասեմ ընդհանրապես հեղափոխության մասին, ինչպես որ ես եմ հասկանում:

Նախ՝ ինձ թվում է, որ դասակարգային պայքարի (մասնավորապես՝ պրոլետարիատի, բուրժուազիայի և մնացածների), ինչպես նաև դրա հեղափոխական լուծումների մասին տեսությունը, որն առաջ է քաշվել 19-րդ դարի կեսերին, 21-րդ դարում փոքր-ինչ հնացել է: Բայց եթե նույնիսկ չի հնացել, ապա այդ տեսության համաձայն՝ հեղափոխություն իրականացնողները խոշոր բուրժուաները, միլիոնատերերը չեն՝ նրանք հրաշալիորեն հարմարվում են ցանկացած ոեժիմի: Նրանց դեմ է ուղղված եղել մանր բուրժուական կամ պրոլետարական հեղափոխականների ցասումը, նրանց դղյակներն էին վառվում և ավերվում այդ հեղափոխությունների ժամանակ:

Վերջապես ցանկացած հեղափոխությունից հետո մեծ է ոչ թե ժողովրդավարություն, այլ ճիշտ հակառակը՝ ավելի կարծր բռնապետություն հաստատելու վտանգը: Գուցե իսկապե՞ս ժամանակն է այդ բառը հանել մեր բառապաշարից:

Վերադառնալով 21-րդ դարի Հայաստան՝ արձանագրենք, թե որն է այս պահին ցանկացած խելամիտ (ոչ անպայման ընդդիմադիր) քաղաքացու ցանկությունը, որպեսզի Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ոչ մի կուսակցություն չհավաքի 40 տոկոս, և Երևանի քաղաքապետը ընտրվի քաղաքական իրական համաձայնությունների արդյունքում: Արդյոք դա կարելի՞ է հեղափոխություն անվանել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս