«Օրենքով գողերն» ընդդեմ ոստիկանների. մամուլ
«Կենտրոնի ոստիկանության երկու օպերների դեմ ցուցմունք տվող Ռուբեն Հովսեփյանը՝ Ռուբենչիկը, այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ–ի 24 խցում։ «ՉԻ» տեղեկություններով՝ վերջինս իր կալանքը կրում է արտոնյալ պայմաններում։ Նա հասցրել է ահագին նյարդայնացնել քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը, ինչպես նաև շանտաժի ենթարկել ՔԿՀ օպերլիագորների»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը և շարունակում.
«Ավելին՝ Ռուբեն Հովսեփյանն իր ընկերական շրջապատում հայտարարել է, որ ինքը որևէ խնդիր չունի և շուտով ազատ է արձակվելու՝ ոստիկանների դեմ ցուցմունքը պնդելու գնով։ Մասնավորապես Հովսեփյանն ասել է, թե ինքը գիտի, որ «մլիցեքը» չեն իրեն մարմնական վնասվածք պատճառել, բայց ինքը ուրիշ տարբերակ չունի ազատվելու համար, ուստի պնդելու է կեղծ ցուցմունքները։
Ամենատարօրինակն այն է, որ հանցագործ աշխարհը ևս տեղյակ է, որ սույն անձնավորությունը կեղծ ցուցմունքներ է տալիս, և հենց այդ շրջանակներն էլ հրահրում են, որ երիտասարդը շարունակի սկսած գործը։ «Ես պրոբլեմ չունեմ։ Գողերով սաղ ճշտած մոմենտ ա, բերդը նայող Խչոն էլ կուրսի ա, նա ասել ա, որ գողերն էլ են զանգել՝ Սուրոն, Զապը, սաղին էլ՝ ոնց պետք ա ասված ա, դաբրոն կա, մինչև վերջ գնալու եմ, որ 2 հատ «մուսռ» էլ վերանա էս երկրից», իր «կամերակիցներին» ասել է Հովսեփյանը:
«Օրենքով գող» Զապի անունը շատ է շրջանառվել մամուլում։ Ոչ վաղ անցյալում վերջինս մամուլի ամենասկանդալային հերոսներից էր համարվում, իսկ գող Սուրոն՝ ծագումով Գյումրիից, ավելի «համեստ» է, չնայած իր կշիռով նա հանրապետությունում թիվ մեկ «օրենքով գողերից» է։ Վերջինս Դեդ Հասանի օրոք է դարձել գող և համարվում է Հայաստանի՝ գողական աշխարհի ամենաազդեցիկ ներկայացուցիչը ԱՊՀ տարածքում»։