Բաժիններ՝

Պենտագոնը մինչև Բայդենի հեռանալը Կիևին կմատակարարի Կոնգրեսի կողմից հատկացված ամբողջ օգնությունը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է կանոնավոր կերպով զենք ուղարկել Ուկրաինա, որպեսզի հասցնի մինչև ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի հեռանալը Կիևին մատակարարել Կոնգրեսի կողմից հաստատված 7,1 միլիարդ դոլարի օգնությունը։ Այս մասին ասել է Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը։

«Նախագահը հստակ ասել է, որ ցանկանում է նախքան իր պաշտոնը լքելը ծախսել այն ամենը, ինչ Կոնգրեսը հատկացրել է և լիազորել է», – ասել է պաշտոնյան ճեպազրույցում։

Սինգհը հավելել է, որ ԱՄՆ նախագահը ստանձնել է այդ պարտավորությունը, և Պենտագոնը շարունակում է իրագործել դա՝ օգնության փաթեթներ ուղարկելով Ուկրաինային «գրեթե շաբաթական կտրվածքով»։

Պենտագոնի պաշտոնյան ընդգծել է, որ գերատեսչությունը «շատ ջանասիրաբար կաշխատի, որպեսզի դա տեղի ունենա»։Միևնույն ժամանակ, Սինգհը խոստովանել է, որ մնացել է 70 օրից պակաս ժամանակ, և որ դա կարճ ժամանակահատված է։

«Այս նախարարությունը կարող է անհավանական աշխատանք կատարել այդքան ժամանակամիջոցում», – հավաստիացրել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն հանձնառու է ապահովելու, որ Ուկրաինան ունենա մարտի դաշտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ ամեն բան։

Սաբրինա Սինգհը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Պենտագոնը «անընդհատ համալրում է իր պաշարները», որպեսզի Կիևին մատակարարումները չազդեն երկրի պաշտպանունակության վրա։

ԱՄՆ ներկայիս վարչակազմն իր աշխատանքը կավարտի 2025 թ. հունվարի 20-ին՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս