Բաժիններ՝

Սիրիան դատապարտել է իսրայելական հարձակումները, որոնք երկրում տասնյակ մարդկանց կյանք են խլել

Սիրիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ երկիրը դատապարտում է Իսրայելի հարձակումները, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը։

Ըստ գերատեսչության հայտարարության՝ Իսրայելի կողմից թիրախավորված բնակելի շենքերն ամբողջությամբ ավերվել են։ Բացի այդ, մեծ նյութական վնաս է հասցվել կենսական նշանակության օբյեկտներին, ինչպիսիք են կամուրջները և որոշ միջազգային ճանապարհներ։

Ավելի վաղ SANA-ն, վկայակոչելով Սիրիայի պաշտպանության նախարարությունը, հայտնել էր, որ նոյեմբերի 14-ին Դամասկոսի Մազե և Քուդսայա շրջաններին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է 15 խաղաղ բնակիչ, ևս 16-ը՝ վիրավորվել։ Զոհերի և վիրավորների թվում կան կանայք և երեխաներ։

«Սիրիան հաստատում է, որ բռնազավթող վարչակազմի կողմից միջազգային օրենքների և կանոնակարգերի շարունակական անտեսումը և նրա անտարբերությունն իր ագրեսիան և ոտնձգությունները դադարեցնելու միջազգային բոլոր պահանջների նկատմամբ, այն բանի հետևանքն է, որ Անվտանգության խորհուրդը չի կարողացել վճռական և իրական դիրքորոշում որդեգրել՝ նրան (Իսրայելին) հետ պահելու իր հանցագործություններից, որոնք ներառում են նաև հարձակումներ Լիբանանում միջազգային խաղաղապահ ուժերի վրա, որոնք խոչընդոտում են ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության աշխատանքը», – ասված է հայտարարության մեջ։

Իսրայելի բանակը պարբերաբար հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքին՝ նշելով, որ թիրախավորում է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման օբյեկտները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս