«Կազանում պատերի տակ պայմանավորվել է. հետևանքները դեռ տեսնելու ենք». Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այն կարծիքին է, որ Հայաստանի իշխանություններն այլևս չեն էլ թաքցնում իրենց վախը և կախվածությունն Ադրբեջանի իշխանություններից:

«Եթե Հայաստանի իշխանությունները գերիների ուղղությամբ դիվանագիտական աշխատանք տարած լինեին, մենք այլևս գերիներ չէինք ունենա Բաքվում, այդ հարցն արագ կարգավորվող է: Դիվանագիտական դաշտում էր նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի ընդունումից հետո պետք է անմիջապես ազատվեին գերիները, եթե չենք խոսում 2023-ի սեպտեմբերի 19-ից հետոյի մասին, դրանից առաջ էլ մենք ունեինք գերիներ: Փաստ, որ դիվանագիտական աշխատանք չի տարվել, կամ իրենք շարունակաբար պարտություններ են կրել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, որ դեկտեմբերից սկսած Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր գործընթաց կսկսվի խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ քննարկումների ու բանակցությունների շարունակման վերաբերյալ:

Մետաքսե Հակոբյանի դիտարկմամբ՝ այդ պրոցեսը նմանվում է խաղի. «Հայաստանի իշխանությունները դարձել են թելով կախված փուչիկ, որին քամին որ ուղղությամբ փչի՝ այդ ուղղությամբ գնալու է, և իրենք ընդհանրապես տեղյակ չեն՝ ինչ է տեղի ունենում Հայաստանի շուրջ: Դա նշանակում է, որ Ադրբեջանը բնավ նպատակ չունի որևէ փաստաթուղթ ստորագրելու: Կասկածներ կան ինձ մոտ, որ սա զուտ Ադրբեջանի որոշումը չէ, այլ իրենց բանավոր պայմանավորվածությունների արդյունքն է ՀՀ իշխանությունների հետ, որովհետև երկուստեք ձեռք է տալիս այս տարբերակը: Պրոցեսը երկարացնելով՝ Ադրբեջանը ստանում է իր պահանջների կատարումը, Հայաստանի իշխանությունների կյանքը երկարում է դրանով, որոնք հանրությանը կերակրում են խաղաղության սպասումով»:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ իշխանությունների ձևակերպած ազգային իղձն ու նպատակը «մեծ փոր» ունենալն է. «Այս պարագայում հարց է առաջանում՝ իսկ մեծ փոր ունենալու համար հայրենիք անհրաժեշտ է»:

Արցախի ԱԺ պատգամավորն ընդգծեց՝ նախկինում համայն հայության շնորհիվ Արցախն օր օրի զարգանում էր. «Կայացած, ամեն օր զարգացող, հզորացող հայկական երկրորդ պետություն էր, իսկ բանակցային գործընթացի արդյունքում կամաց-կամաց մոտենում էինք այն հանգուցալուծմանը, երբ վերջնական լուծում տրվելու էր: ԵԱՀԿ ՄԽ-ն այն հարթակն էր, որ Ադրբեջանն ուզում էր ոչնչացնել, և պատահական չէր, որ իշխանությունը զավթելուց հետո Փաշինյանն առաջին բանը, որ ասաց, այն էր, որ բանակցություններն սկսում է զրոյական կետից. Դա նշանակում էր՝ չընդունել այդ հարթակը: Վերելակում պայմանավորվեց, և մենք տեսանք դրա շարունակությունը վերջերս Կազանում: Մարդը չի խորշում նստել և պատերի տակ պայմանավորվածությունների գալ, իսկ մենք հասկանում ենք՝ պարտված և հաղթած կողմերի միջև պարտված կողմը երբևէ չի լինի թելադրող: Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով հիշում են կազանյան հանդիպումը, դրա հետևանքները դեռ տեսնելու ենք, որովհետև առանց վկաների հանդիպման ժամանակ շատ ավելի մեծ զիջում է ստանում Ադրբեջանը, ինչը եղավ վերելակի մի քանի րոպեների ընթացքում»:

Մետաքսե Հակոբյանը պնդում է՝ գործող իշխանությունները ժողովրդից խլել են ամենակարևորը. «Բացի այն, որ այս իշխանությունները խլեցին մեր հայրենիքը, մեր զավակներին, իրենք խլեցին ամենակարևորը՝ արժանապատվությունը: Զուգահեռ ամեն ինչ անում են. մի կողմից հայրենիքդ են խլում, մի կողմից երեխայիդ են սպանում, մի կողմից քեզ ճնշում են, բռնում են, կալանավորում են, քաղաքական հետապնդումներ են իրականացնում, ջարդում են, փշրում են, վիրավորում են, տգեղ են իրենց պահում, մյուս կողմից՝ կպնում են գրպանիդ: Ես հետևում էի մեր ժողովրդի ռեակցիային՝ տրանսպորտի թանկացմանը, որը միայն սոցիալական խնդիր չէ, այստեղ քո արժանապատվությունն է, որ վերջին հարվածն էլ են իրենք հասցնում:

Անընդհատ շոկային վիճակում պահելով՝ շեղում են այն խնդիրներից, որը ունես, որի մեջ դու ես, քո երեխան է ունենալու, որովհետև իրենց ամեն օրը քո ապագան ավելի վատթար է դարձնում ու սերունդներին է բաժին հասնելու, բայց որևէ արձագանք չեմ տեսնում: Բայց երբ մարդկանց հետ խոսում եմ, այլևս չեմ հանդիպում մեկին, որը գոնե մի թեթև էմոցիա չունենա այս իշխանության նկատմամբ, բոլորի մոտ վատն է, նույնիսկ երբեմն անեծքներ ես լսում իշխանության հասցեին»:

Նա կեղծ օրակարգ է համարում այն դիտարկումները, թե ժողովուրդն առաջնորդի կարիք ունի. «Ժողովուրդն առաջնորդի կարիք չունի, որովհետև երբ ժողովուրդն իր հավաքական ըմբոստությունը կփորձի ցույց տալ, այդ առաջնորդները ծնվելու են հենց այդ ժողովրդի միջից: Ստացվում է, որ ժողովուրդը դեռևս չի ըմբոստացել: Նույնիսկ, երբ խոսում եմ պետական համակարգի աշխատողների հետ, շատ հազվադեպ եմ հանդիպում մարդկանց, ովքեր գոհ են այս իշխանություններից, բայց դա էլ է արժանապատվության հարց, որ նրանք ասում են՝ եթե հանկարծ այս իշխանություններից իմանան, որ դեմ են, իրենց աշխատանքից ազատեն, իրենց ընտանիքն ո՞վ է պահելու: Գիտե՞ք՝ Արցախում մեր ժողովուրդն էլ էր այդպես շատ երկար ժամանակ մտածում, և արդյունքը եղավ այն, ինչ որ եղավ: Պետք է սա հասկանալ և թույլ չտալ, որ նույնը տեղի ունենա՝ իշխանություններից վախերի պատճառով»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս