Սրբուհի Գալյանի թավշյա ձեռքբերումները. նորանշանակ նախարարը տարին սկսել է 3 անշարժ գույքով, ավարտել՝ 5-ով
Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանն օրերս լրագրողների հետ ճեպազրույցում բարձրաձայնել է աքսիոմատիկ ճշմարտություն, թե եթե չկիսեր «Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքական պատասխանատվությունը», ապա նրա իշխանության մեջ չէր լինի։
Ծանոթանալով Սրբուհի Գալյանի կենսագրությանն ու տարեցտարի բարելավվող հայտարարագրին՝ հասկանում ենք, որ նա ոչ միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, նրա վարած քաղաքական պատասխանատվությունն է կիսել, այլև այն թավշյա ձեռքբերումները, որոնք խոստացվել էին 2018 թվականին փողոց դուրս եկած 3 միլիոն վարչապետներին, բայց հասանելի դարձան միայն իշխանությանն ու նրա սատելիտներին։
Այդ ձեռքբերումներից է նախ երիտասարդ պաշտոնյայի աշխատանքային կենսագրության առաջխաղացումը. Հատուկ քննչական ծառայության Իրավական ապահովման բաժնում տարբեր պաշտոններ զբաղեցնելուց հետո՝ Նիկոլ Փաշինյանը 27-ամյա Սրբուհի Գալյանին դեռ 2019 թվականի հուլիսին նշանակել էր արդարադատության նախարարի տեղակալ, ապա՝ Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ։ Արդարադատության նախարարի պաշտոնում էլ Սրբուհի Գալյանին առաջադրել է Փաշինյանի թիմը՝ ՔՊ-ն։
Երիտասարդ պաշտոնյայի հայտարարագրի մասին․ Նորանշանակ նախարարը տարին սկսել է 3 անշարժ գույքով, ավարտել՝ 5-ով
2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2023 թվականի գույքի, եկամուտների և շահերի իր հայտարարագրում Սրբուհի Գալյանը նշել է տարեսկզբում առկա 3 անշարժ գույքի մասին, որոնցից 2-ը՝ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում հողամասն ու անհատական բնակելի տունը, ձեռք է բերել 2015 թվականին և տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով։ 2022 թվականին արդեն Սրբուհի Գալյանը մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում է ձեռք բերում բնակարան, դարձյալ համատեղ տնօրինման իրավունքով։
Տարվա ընթացքում՝ 2023 թվականին, պաշտոնյայի անշարժ գույքի քանակն ավելանում է միանգամից 2-ով․ 7 միլիոն 980.000 դրամով նա փետրվար ամսին գնում է հողամաս Կոտայքի մարզի Նաիրի համայնքում, դարձյալ փետրվարին իբրև նվիրատվություն՝ Սրբուհի Գալյանը Պետրոս Մկրյանից ստացել է բնակարան Քանաքեռ-Զեյթուն համայնքում։
Ի դեպ, Պետրոս Մկրյանը դեռ 2023 թվականին ներկայացրած հայտարարագրում պաշտոնապես նշվում էր իբրև Սրբուհի Գալյանի ամուսին, այս անգամ այդ արձանագրումը բացակայում է։
Գլխավոր դատախազի նախկին տեղակալը հայտարարագրել է բանկային ավանդ 6 միլիոն դրամ արժողությամբ, բանկային հաշիվների մնացորդներ 3 բանկերում, որոնցից ամենախոշորը տարեսկզբին կազմել է՝ 20,514,782, իսկ տարեվերջին՝ զրոյացվել է։ Սրբուհի Գալյանի կանխիկ 1 միլիոն 700.000 դրամ և 4000 դոլար միջոցները տարեվերջին 100.000 դրամով նվազել են։
Պաշտոնատար անձի հաշվետու տարվա՝ 30 միլիոն 689.639 դրամ եկամուտը գոյացել է Երևանի պետական համալսարանից ստացած 293.954 դրամ աշխատանքի վարձատրությունից և կամ դրան հավասարեցված այլ վճարումներից, Պետական եկամուտների կոմիտեից ստացած 833.958 այլ վճարումներից, The Raoul Wallenberg Institute of Human Rights and Humanitarian Law (RWI)-ից ստացած 400 դոլար հեղինակային վարձատրությունից, Դատախազությունից ստացած 28,411,706 դրամ և Արդարադատության ակադեմիայից ստացած 992.981 դրամ աշխատավարձից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 34 միլիոն 527.842 դրամ, որից 33.561.681 դրամի դիմաց հիփոթեքի առարկա է նշվել բնակարանը։
Սրբուհի Գալյանը տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղել է 5 միլիոն 598.232 դրամ։
Եվս 10 միլիոն դրամ էլ արժեցել է պաշտոնյայի՝ անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսերը։