Բաժիններ՝

Չորս ավետարանիչներ

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չորս ավետարանիչներին՝ Մատթեոսին, Մարկոսին, Ղուկասին և Հովհաննեսին, հիշատակում է Խաչի վեցերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը: Ավետարանիչները Նոր Կտակարանի առաջին չորս գրքերի՝ Ավետարանների հեղինակներն են: Ավետարաններում ավետվում է Քրիստոսի գալստյան և հաղթանակի բարի լուրը:

Սուրբ Մատթեոս ավետարանիչը ծնվել է Կափառնայում քաղաքում, որը գտնվում է Տիբերիա լճի հյուսիսային կողմում: Նրա անունը նշանակում է Աստծո ընծա: Քրիստոսի 12 առաքյալներից էր: Նա հարկ հավաքող մաքսավոր էր: Հին աշխարհի մեջ չկար որևէ այլ պաշտոնյա, որ այնքան ատելի լիներ մարդկանց, որքան հարկահավաքը: Հարկահավաքները դասվում էին ոճրագործների, ավազակների կողքին: Երբ Կափառնայում քաղաքում իր մաքսասեղանի առջև նստած էր, Հիսուս անցավ նրա մոտով և նրան տեսնելով ասաց.

-Հետևի՛ր ինձ:

Մատթեոսը վեր կացավ և հետևեց Հիսուսին:

Կարդացեք նաև

Մինչև Համբարձումը մասնակիցը եղավ Փրկչի բոլոր քարոզություններին և գործունեությանը, և վերնատանը ընդունելով Սուրբ Հոգին, սկսեց քարոզել Հրեաստանում: Այնուհետև գնաց Եթովպիա, որտեղ էլ նահատակվեց:

Սուրբ Մարկոս ավետարանիչը Պետրոս առաքյալի աշակերտներից էր, նրա թարգմանիչը (Ա Պետրոս 5.13): Եղել է նաև Պողոսի և Բառնաբասի գործակիցներից մեկը: Նա Բառնաբասի եղբոր տղան էր (Կողոսացիներ 4:10), բնիկ երուսաղեմացի: Մարկոս ավետարանչին կոչել են նաև Հովհաննես: Այդ մասին կարդում ենք Գործք Առաքելոցում. «Եվ Պետրոսը… եկավ Մարիամի տուն: Այս Մարիամը մայրն էր Հովհաննեսի, որ Մարկոս վերանվանվեց» (Գործք Առաքելոց 12:12): Հովհաննես և Մարկոս նույն անձի երկու տարբեր անուններն են, մեկը՝ եբրայական, մյուսը՝ հունա-հռոմեական: Քրիստոնեական եկեղեցու առաջին գործիչների մեծ մասը կրկնակի անուններ են ունեցել:

Մարկոսի մնայուն ծառայությունն իր գրած Ավետարանն է, որ չորս Ավետարաններից ամենահամառոտն է և վաղ գրվածը: Այն ուղղված է հեթանոսներին՝ հատկապես հռոմեացիներին: Երբ Մարկոսը հունարենով գրեց-վերջացրեց Ավետարանը, Պետրոսը նրան ուղարկեց Եթովպիա:

Նա գնաց Ալեքսանդրիա և սկսեց քարոզել: Ավետարանիչը շատ հետևորդներ ունեցավ: Ալեքսանդրիայում հեթանոսները և հրեաները, նախանձելով նրան, մատնեցին իշխանություններին, որոնք ձերբակալեցին Մարկոսին:

Գիշերը հրեշտակն եկավ բանտ և քաջալերելով նրան՝ ասաց.

-Մի՛ վախեցիր, Մարկոս, Տիրոջ համար պիտի չարչարվես, սակայն անունդ պիտի գրվի երանելի առաքյալների հետ և չպիտի ջնջվի:

Հաջորդ օրը դարձյալ տանջեցին իրեն, մինչև որ Աստծո ձեռքը հանձնեց իր հոգին:

Սուրբ Ղուկաս ավետարանիչը ծնվել է Սիրիայի Անտիոք քաղաքում: Քրիստոսի 72 աշակերտներից էր: Ինչպես վկայում են կեսագիրները նա բժիշկ էր և Պողոս առաքյալի ամենահավատարիմ և անձնվեր գործակիցներից մեկը: Որոշ եկեղեցական հայրեր և մեկնիչներ Սբ. Ղուկասին նույնացնում են Էմմավուսի երկու ճամփորդներից մեկին, որոնց անունները Սբ. Ղուկասը չի պահպանել: Քաջատեղյակ էր ասորերեն, եբրայերեն և հունարեն լեզուներին: Իր անունը կրող Ավետարանը գրել է հունարենով: Փրկությունը բանալի բառ է այս Ավետարանի մեջ: Աղոթքը գերազանց տեղ կգրավի այստեղ: Համաքրիստոնեական նախնագույն շարականները Սբ. Ղուկասի Ավետարանից են ներշնչվել, որոնցից են «Ավէ Մարիա», «Մեծացուսցէ», «Փառք ի բարձունս» և այլն:

Գործք Առաքելոցի հեղինակը նույնպես Ղուկասն է: Այստեղ նա ներկայացնում է նախ եկեղեցու արմատավորվելը և տարածվելը Պաղեստինի սահմաններում՝ կենտրոն ունենալով Երուսաղեմը, և ապա տարածումը մերձակա երկրներ՝ Սիրիա, Կիպրոս, Փոքր Ասիա, Հունաստան և մինչև Հռոմ, իբրև կենտրոններ ունենալով Անտիոքը և Եփեսոսը:

Պատմվում է, որ Սբ. Ղուկասը նաև ճարտար նկարիչ էր, և առաջին անգամ նա է, որ նկարել է Սբ. Աստվածամորը՝ մանուկ Հիսուսը գրկին:

Սուրբ Հովհաննեսը՝ Հիսուսի սիրելի աշակերտը, Զեբեդեոսի և Սողոմեի որդին էր: Իր եղբոր՝ Հակոբոսի հետ, զբաղվում էր ձկնորսությամբ: Սկզբում աշակերտում էր Հովհաննես Մկրտչին, այնուհետև հետևեց Հիսուսին իր եղբոր Հակոբոսի և մոր՝ Սողոմեի հետ: Առաքյալների մեջ կրտսերագույնն էր: Հովհաննեսն Երուսաղեմում Սուրբ Աստվածածնին սպասավորելուց հետո, ինչպես հանձնարարված էր նրան Փրկչից, մինչև նրա երկինք վերափոխվելը, քարոզելով շրջեց արևելքում, առավելապես Փոքր Ասիայում, որտեղ և Եփեսոսում հաստատեց իր աթոռը: Երբ Սուրբ Հովհաննեսն Եփեսոս եկավ, նախ աղոթքներով հիմնահատակ ավերեց Ամազոնաց կոչված մեհյանը և ուրիշ այլ հրաշքներով իր քարոզությամբ ու հրեշտակային վարքով աստվածպաշտության դարձրեց բազում հելլենացիների:

Իսկ Դեմետիանոսի ժամանակ, երբ երանելի Հովհաննեսը շրջում էր Ասիայում և ավետարանում Քրիստոսին, նրա համբավը կայսրին հասավ: Կայսեր հրամանով նրան բռնեցին և կապանքներով կապելով ուղարկեցին Հռոմ, որտեղ առաքյալը հեթանոսներին կռապաշտության համար հանդիմանելու պատճառով նետվեց եռացող ձեթի կաթսայի մեջ, սակայն այնտեղից դուրս եկավ անվնաս: Դրանից հետո աքսորվեց Պատմոս կղզի, որտեղ էլ գրեց Հայտնությունը: Հովհաննեսի անունով Նոր Կտակարանում կան նաև երեք թղթեր: Ապա վերադարձավ Եփեսոս և այնտեղ վախճանվեց 101 թ-ին: Առաքյալների շարքում Հովհաննեսը միակն է, ով չի մահացել նահատակությամբ:

Չորս ավետարանիչների սիմվոլիկ պատկերագրությունը

Մատթեոսը` մարդ`հրեշտակակերպ,

Մարկոսը` առյուծ,

Ղուկասը` եզ,

Հովհաննեսը` արծիվ

Չորս ավետարանիչների սիմվոլիկ պատկերագրությունը հիմնված են Եզեկիելի 1:10 և Հովհաննու Հայտնության 4:7 համարների վրա: Այդ խորհրդանիշները շատ հին են, դրանք իրենց արտահայտությունն են գտել սրբանկարչության, որմնանկարչության, մանրանկարչության, քանդակագործության մեջ:

Ըստ եկեղեցական ավանդության՝ Մատթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև Մատթեոսի Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով: Մարկոսը ներկայացվում է առյուծի խորհրդանիշով, որովհետև իր Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է թե Հիսուս Աստծո Որդին է: Ղուկասը նույնացվում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ Ղուկասի Ավետարանը սկսվում է Զաքարիայի`տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ: Այս պատմությունը իր հերթին դիտվել է մի պատրաստություն Քրիստոսի զոհաբերության: Իսկ Հովհաննեսը ներկայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև նա իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր` հայտարարելով Քրիստոսի աստվածությունը. «Ի սկզբանէ էր Բանն և Բանն էր առ Աստուած և Աստուած էր Բանն»:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս