Ազի՛զ ջան, որևէ հարցի չեմ պատասխանում, որևէ հարցազրույց տալու ցանկություն չունեմ, շատ շնորհակալություն. Գագիկ Ջհանգիրյանը խուսափեց արձագանքել Կարեն Անդրեասյանին

Օրեր առաջ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը հարցազրույց էր տվել MediaHub-ին, որում բավականին զավեշտալի հայտարարություններ ու պնդումներ էր արել՝ հընթացս այլոց հաշվին սրբացնելով իրեն:

«Ես եկել եմ այստեղ 2 տարի առաջ, դատական իշխանությունը գտել եմ կիսաավերակ վիճակում: Էդ կիսաավերակներից մենք որոշակի կառույցներ ենք ձևավորել, որոշակի առաջընթաց ունենք՝ անկախ նրանից, որ մարդկանց հիմա եթե փողոցում հարցնես, ասելու են՝ ոչ մի բան էլ չի փոխվել, ամեն ինչ վատ է, որովհետև մեր արած լավ գործը դեռ իրենց չի հասել»,- ասաց Կարեն Անդրեասյանը հարցազրույցի ամենասկզբում:

Ընթացքում ևս լրագրողի դիտարկմանը, որ էլեկտրոնային մակագրման համակարգը հաճախ է խափանվում, Անդրեասյանն ինչ-որ ակնարկներ արեց, թե՝ «Միգուցե ժամանակին էդպիսի բաներ եղել են, խափանել են համակարգերը, բայց ես Ձեզ ասում եմ՝ երկու տարվա ընթացքում ես ոչ միայն դրա կարիքը չեմ տեսել, մոտիկ չեմ եղել դրա ինչ-որ հարցերին ու կեղտոտ երևույթներին»:

Կարեն Անդրեասյանից առաջ ԲԴԽ նախագահը Գագիկ Ջհանգիրյանն էր, որի պաշտոնավարման ժամանակ տիրող բարքերի մասին 168.am-ը գրել է գրեթե ամենօրյա ռեժիմով, և վստահաբար կարելի է ասել, որ նույնը անում ենք հիմա: Այս առումով կարող ենք պնդել, որ Կարեն Անդրեասյանի կողմից դատական իշխանության վրա գործադրած ազդեցությունը ոչ միայն չի զիջում Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման ժամանակներին, այլև գերազանցում է դրան:
Համենայն դեպս Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ շենքում չէր հավաքում Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին ու թերթիկների վրա քվեարկություն չէր կազմակերպում՝ Վերաքննիչի իր սրտի նախագահին ընտրելու համար, ինչպես դա արեց Կարեն Անդրեասյանը: Ու այդ խայտառակագույն պրակտիկան կիրառողը խոսում է ավերակները վերաշինելուց:

Կարդացեք նաև

Մի բան էլ չէր անում Գագիկ Ջհանգիրյանը. որևէ իրավիճակում չէր թաքնվում իր երիտասարդ կին խոսնակի թիկունքում ու նրա անունից տեքստեր չէր հրապարակում՝ թիրախավորելով վերջինիս, ինչը Կարեն Անդրեասյանն արել է թե՛ իր նախկին խոսնակի ժամանակ, թե՛ հիմա:
Շարքը կարող ենք շարունակել. Գագիկ Ջհանգիրյանը Կարեն Անդրեասյանի պես սոցցանցերում դատավորների նկատմամբ ատելություն չէր գեներացնում, Ձմեռ պապիկին նամակներ չէր գրում ու անոնսում առաջիկա հետապնդումները դատավորների նկատմամբ, դատավորին թույլ էր տալիս պարտադիր ներկա գտնվել իր վերաբերյալ քննվող կարգապահական վարույթին: Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել:

Բայց 168.am-ն, այնուամենայնիվ, ցանկացավ Գագիկ Ջհանգիրյանից անձամբ հարցնել՝ ի՞նչ ժառանգություն է թողել Կարեն Անդրեասյանին, այդ ի՞նչ է արել, որ դատական իշխանությունը հայտնվել է այնպիսի կիսաավերակ վիճակում, որ 2 տարի է՝ Կարեն Անդրեասյանը գիշեր-ցերեկ բերանքսիվայր աշխատում է ու չի կարողանում խելքի բերել համակարգը: ԲԴԽ նախկին նախագահը, սակայն, անգամ չցանկացավ մեր հարցը լսել:

«Ազի՛զ ջան, որևէ հարցի չեմ պատասխանում, որևէ հարցազրույց տալու ցանկություն չունեմ, շատ շնորհակալություն»,- շատ սիրալիր ասաց Գագիկ Ջհանգիրյանը, բայց նույնքան ոչ հարգալից ընդհատեց հեռախոսազանգը, երբ փորձում էինք բացատրել, որ հարցազրույց չենք ուզում, ընդամենը՝ մեկ մեկնաբանություն:

Միգուցե Գագիկ Ջհանգիրյանը մտավախություն ուներ, որ զանգել ենք՝ հարցնենք, թե ինչ էր մտածել, երբ որպես արդարադատության նախարարի թեկնածու՝ մասնակցում էր «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) վարչության նիստին, ուր իր իրավաբանական գիտելիքներն ու Արդարադատության նախարարության զարգացման տեսլականը պիտի գնահատեին Արփի Դավոյանն ու Վաղարշակ Հակոբյանը, բայց մենք այլ հարցով էինք զանգահարել նրան:

Ինչևէ, Գագիկ Ջհանգիրյանը նախընտրեց չխոսել. Միգուցե իսկապե՞ս ավերել էր համակարգն ու ասելիք չուներ:

Տեսանյութեր

Լրահոս