Վերջին անգամը լինի, որ ինձ ընդհատում եք. Ղազարյանը՝ անընդհատ իր ելույթն ընդհատող Վարդանյանին

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այսօր ԱԺ-ում ընթացող «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց՝ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումը ծավալվում է մի խորհրդարանում, որը ձևավորվել է ոչ թե ընտրությունների, այլ իշխանազավթման հետևանքով։

«Առավել զավեշտալի է, որ լսումները կազմակերպվում է ԱԺ անունը կրող մի մարմնում, որը ոչ միայն չի համապատասխանում ժողովրդավարության տարրական պահանջներին, անգամ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջներին։ Այս ընթացքում այստեղ պատգամավորի կարգավիճակ ստացած անձինք կատարել են այնպիսի ենթադրյալ հանցագործություններ, որ կարծում եմ՝ այսօր նրանցից շատերը պետք է նստած լինեին ոչ թե այս դահլիճում, այլ Վարդաշեն, Նուբարաշեն կամ, ծանրաբեռնվածությունից ելնելով՝ այլ քրեակատարողական հաստատություններում, ոմանց կարգավիճակից էլ ելնելով՝ Աբովյան քրեակատարողական հաստատությունում»,- շեշտեց Էդգար Ղազարյանը։

Ըստ նրա, ներկայիս Ընտրական օրենսգրքի հիմնական ու առանցքային հարցը վերաբերում է արտակարգ դրության կամ ռազմական դրության պայմաններում ընտրական գործընթացին։

Նա հիշեցրեց, որ 2020 թվականին հայտարարված էր հանրաքվե, նշանակված էր օրը, որի քարոզարշավը մեկնարկել էր՝ «անձամբ իրականացնելով պինցետով, քաշած օղիով, օտար անձնագրերով մարդկանց կոշիկները լիզելու պատկերացումներով մեկ այլ ընտրական գործընթացներում ինքնակոչ կերպով իրեն չոբանի շուն հռչակած Նիկոլ Փաշինյանի կողմից անձամբ»։

Կարդացեք նաև

«Այդ ժամանակ տեսնելով, որ քարոզարշավը տապալում են, չեն կարողանում հանրաքվեով ունենալ իրենց ցանկալի արդյունքները, Կառավարությունն անհիմն կերպով ու խախտելով Սահմանադրությունը, հայտարարել է արտակարգ դրություն և չեղարկել է Սահմանադրությունը»,- շեշտեց Էդգար Ղազարյանը։

Էդգար Ղազարյանի խոսքը փորձեց ընդհատել ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ ասելով, որ կարող է քննադատություններ հնչեցնել, սակայն ոչ վիրավորական արտահայտություններ։

Ի պատասխան՝ Էդգար Ղազարյանն ասաց.

«Նորից եմ կրկնում, սա լինի վերջին համարձակությունը ձեր՝ իմ ելույթն ընդհատելու։ Վիրավորանքների հետ կապված հարաբերությունները քաղաքացիաիրավական հարաբերություններ են, որոնց կարգավորումն այս դահլիճում չի իրականացվում»։

Երբ Էդգար Ղազարյանը շարունակեց իր ելույթը, Վլադիմիր Վարդանյանը հորդորեց անջատել նրա խոսափողը և հայտարարեց ընդմիջում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս