Բաժիններ՝

Եվրահանձնաժողովի առաջին թեկնածուները հաջողությամբ անցել են «քասթինգը». DW

Եվրախորհրդարանում հաջողությամբ են անցել Եվրահանձնաժողովի նոր կազմում ընդգրկվող առաջին չորս թեկնածուների լսումները։

Նոյեմբերի 4-ին կանաչ լույս են ստացել Եվրախորհրդարանում առևտրի հարցերով եվրահանձնակատարի թեկնածու Մարոշ Շեֆչովիչը՝ Սլովակիայից, մշակույթի հարցերով եվրահանձնակատարի թեկնածու Գլեն Միկալեֆը՝ Մալթայից, գյուղատնտեսության հարցերով եվրահանձնակատարի թեկնածու Քրիստոֆ Հանզենը` Լյուքսեմբուրգից, և Հունաստանի ներկայացուցիչ Ապոստոլոս Ցիցիկոստասը, որը պետք է զբաղվի տրանսպորտի հարցերով։ 

58-ամյա Մարոշ Շեֆչովիչը ներկայում զբաղեցնում է Եվրահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը և պատասխանատու է Եվրամիության հաստատությունների միջև կապերի համար։ Իր նոր պաշտոնում նա, մասնավորապես, պետք է Չինաստանի հետ բանակցություններ վարի առևտրային հակամարտության կարգավորման շուրջ, ինչպես նաև ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ՝ Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկայի` Մերկոսուրի մասնակիցների հետ։

Տրանսպորտի հարցերով եվրահանձնակատարի թեկնածու Ցիցիկոստասը եվրապատգամավորներին հավաստիացրել է, որ արդեն առաջիկա տարում մտադրություն ունի ներկայացնել ԵՄ-ում երկաթուղային տոմսերի պատվիրման միասնական համակարգ ներդնելու՝ վաղուց հետաձգված պլանները։

Եվրահանձնաժողովում պաշտոններում նշանակվելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուներն ապահովեն ձայների երկու երրորդի աջակցությունն իրենց խորհրդարանական հանձնաժողովներում:

Եթե նրանց չհաջողվի դրան հասնել, ապա լրացուցիչ լսումներ կանցկացվեն, որից հետո կանաչ լույս ստանալու համար արդեն բավական է պարզ մեծամասնության ձայնը։ Թեկնածուի համար չափազանց անհաջող լսումների դեպքում ԵՄ երկրների կառավարությունները պետք է նոր թեկնածություններ առաջադրեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս