Արժանապատիվ աշխատանքը ոչ թե առավելություն է, այլ հիմք է սոցիալական արդարության համար. Սաուդյան Արաբիայի արքայազն

Արժանապատիվ աշխատանքը շատ կարևոր է սոցիալական արդարության համար, և պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ բոլորը կարող են աշխատել արժանապատիվ ձևով և իրենց ներդրումն ունենալ իրենց համայնքներում։

«Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» համաժողովում ունեցած ելույթում նման կարծիք հայտնեց «Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի» և «Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլ Ազիզ Բին Թալալ Բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդին։ 

«Մենք ցանկանում ենք տեսնել մի աշխարհ, որտեղ արժանապատիվ աշխատանքը ոչ թե առավելություն է, այլ բոլորի համար ֆունդամենտալ իրավունք է և հիմք է սոցիալական արդարության համար», – ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը ջերմ ընդունելության և նման կարևոր թեմայով երկխոսություն ծավալելու համար։ 

Սաուդյան Արաբիայի արքայազնը նշեց, որ համաժողովում քննարկվող թեմաները համապատասխանում են իր գլխավորած կազմակերպության առաքելությանը։ 

«Մեր հիմնադրամում աշխատում ենք 5 ուղղություններով՝ երեխաների վաղ զարգացում, կանանց հզորացում, սոցիալական հասարակություն, բարձրագույն կրթություն և ֆինանսական ներառում։ Տարբեր նախաձեռնությունների միջոցով փորձում ենք գտնել կայուն լուծումներ, որոնք նվիրված են այս կարևոր թեմաներին», -նշեց արքայազնը՝ հավելելով, որ իր գլխավորած հիմնադրամը տնտեսական հնարավորություններ է ստեղծում ամբողջ տարածաշրջանում։ Նրա խոսքով՝ ներկա աշխարհում մարտահրավերները բարդ են․ երեխաների աշխատանքը մնում է խնդիր, և դա երեխաներին զրկում է կրթության իրավունքից ու պայծառ ապագայից։  

«Մենք պետք է առաջ տանենք այնպիսի քաղաքականություններ, որոնք պաշտպանում են երեխաների իրավունքները և անենք այնպես, որ երեխաները ստանան որակյալ կրթություն՝ դուրս գալով աղքատությունից»,-ընդգծեց Սաուդյան Արաբիայի արքայազնը։ 

Տեսանյութեր

Լրահոս