Ռումբ, որի մասին իշխանությունը չգիտի   

«Հայկական կողմը տեսնում է, որ հնարավորություն կա համաձայնեցնելու խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը։ Ցանկացած խաղաղության պայմանագիր լավ է, երբ կան փոխզիջումներ»,- Փաշինյան-Ալիև հանդիպումները դրական գնահատելով՝ հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Այս հայտարարությունը, որը ոչ թե առանձին վերցրած ՔՊ-ականի, այլ ՀՀ արտաքին քաղաքականության խտացված դիրքորոշումն է, կիսաճշմարտության կամ կիսախաբեության դասական արտահայտություն է։ Տեսական ճշմարտության ու գործնական ստի փայլուն օրինակ։

 Այո, տեսականորեն դրական է, երբ հակամարտող կողմերի միջև կան փոխզիջումներ։ Դրանով այս դիրքորոշման մեջ ճշմարտությունը վերջանում է և սկսվում է խաբեությունն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող փաստաթուղթը պարունակում է փոխզիջումներ։

Փոխզիջում լինում է, երբ կողմերից մեկը ներկայացնում է պահանջներ, որից որոշակի նահանջը՝ դիմացի կողմի համարժեք նահանջի դեպքում, համարվում է փոխզիջում։ Հայ-ադրբեջանական բանակցություններում դա գոյություն չունի, քանի որ Հայաստանը խաղաղության պայմանագրում չի ներառել կենսական որևէ պահանջ՝ արցախահայերի անվտանգ վերադարձ Արցախ, Բաքվում պահվող ռազմագերիների ազատ արձակում, Արցախի մշակութային ժառանգության անձեռնմխելիություն և այլն։ Այս պայմաններում բանակցվող փաստաթուղթը բաղկացած է ոչ թե փոխզիջումներից, ինչպես ներկայացնում է իշխանությունը, այլ Հայաստանի միակողմանի զիջումներից, ինչպես ակնհայտ է հրապարակայնացված տեղեկություններից։

Կարդացեք նաև

Ադրբեջանի հետ «փոխզիջումների» անվան տակ զիջումներ կատարող ՀՀ իշխանությունը սեփական հանրության հետ հանդես է գալիս միանգամայն հակառակ դիրքից՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների, Արցախի հիմնախնդրի հարցում չցուցաբերելով ժողովրդի հետ փոխզիջման գնալու որևէ պատրաստակամություն։ Ինչպես Ադրբեջանն է վարվում հայկական իշխանության հետ՝ առանց որևէ էական փոխզիջման պահանջելով իր ներկայացրած պահանջների անվերապահ կատարում, այնպես էլ ՀՀ իշխանությունն է վարվում սեփական քաղաքացիների հետ՝ գոյաբանական այդ խնդրի հետ կապված որևէ փոխզիջման չգնալով։

Փաշինյանը և իր թիմը իրականացնում են քաղաքականություն, որն ամբողջությամբ փակելու է Արցախի էջը, Արցախի հարցը՝ արցախահայերի իրավունքների պաշտպանությունն ամբողջությամբ դուրս դնելով հայկական քաղաքական-պաշտոնական օրակարգից։

 Ենթադրենք, այդ քաղաքականությունը ոչ թե դավաճանության, ոչ թե սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու արդյունք է, ինչպես վստահ է հասարակության բավական մեծ մասը, այլ իշխանության կազմում որոշումներ կայացնողների համոզմունքը և վստահությունը, որ դա է պահանջում Հայաստանի շահը։ Բայց ակնհայտ է, որ անկախ դրդապատճառներից՝ այդ մոտեցումը, այդ քաղաքականությունը չի կիսում ողջ հայ ժողովուրդը։ Խնդիրը միայն էլեկտորալ ցուցանիշները չեն, որոնցով այդ մոտեցումը չկիսողներն ընտրել են դրա դեմ պայքարող ընդդիմությանը։ Դա հարցի նեղ, տեխնիկական դիտանկյուն է։

Ավելի մեծ համապատկերում ակնհայտ է, որ Արցախից ամբողջությամբ հրաժարվելու քաղաքականությունը չի կարող հավանության արժանանալ հասարակության անգամ պարզ, թվաբանական մեծամասնության կողմից։

Այլ խոսքով, Արցախից հրաժարվելու ու Ադրբեջանի հետ նման կերպ խաղաղություն կնքելու հարցերում իշխանությունը չունի փոխզիջում հայ ժողովրդի հետ։ Իսկ դա նշանակում է, որ եթե անգամ մեխանիկորեն՝ իշխանական լծակներին տիրապետելու ու պետության անունից կնիք ու ստորագրություն դնելու բերումով իշխանությունը կնքի այդ համաձայնագիրը, դա՝ չլինելով հանրային կոնսենսուսի արտահայտություն, չի կարող երաշխավորել այն խաղաղությունը, որը նույն այդ իշխանությունը ներկայացնում է՝ որպես դրախտի ճանապարհ։ Պետության համար կարևորագույն հարցերում հանրային փոխզիջումը ցանկացած երկրի անվտանգության համար ունի առանցքային նշանակություն։

Հայաստանի իշխանությունը, սակայն, առանց այդ փոխզիջման պատրաստվում է նորանկախ երկրի պատմության համար ամենակենսական քայլին՝ չցանկանալով կամ չկարողանալով հասկանալ, որ թշնամու հետ փոխզիջումը՝ առանց ներքին կոնսենսուսի, կարող է պայթեցնել ոչ միայն պետությունը, այլ առաջին հերթին՝ իշխանությունը, որի պահպանման հարցում իրենք փոխզիջման են գնում բոլորի, անգամ թշնամիների, բայց ոչ՝ սեփական ժողովրդի հետ։   

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս