Վարկային ծրագրերով կառուցված մարզային բժշկական կենտրոնները ընդամենը ժապավեն կտրելու համար են. Անուշ Պողոսյան
Անուշ Պողոսյանը գրում է. ««Առողջապահության նախարարության խնդիրն է ապահովել առողջապահական ծառայությունների հասանելիությունը: Եվ այդ նախարարությունն է, որ վերլուծում է, թե որտեղ է առողջապահական ծառայությունը հասանելի մարդկանց լիարժեք, և որտեղ է, որ հասանելի չէ: Այս բժշկական կենտրոնը կառուցվել է, որովհետև մենք արձանագրել ենք, երկարատև հետազոտության արդյունքում պարզել, որ Վայոց ձորի մարզից առողջապահական ծառայություն ստանալու համար ավելի շատ բուժառու գնում է Երևան, քան այն ստանում տեղում՝ չնայած այն փաստին, որ մարզում կան բժշկական կենտրոններ․․․․» սա մի հատված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից 2024թ մարտին «Վայոց Ձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանդիսավոր պայմաններում բացման ժամանակ։
«Առողջության Իրավունք» իրավապաշտպան հասարական կազմակերպություն են դիմել Վայոց Ձորի բնակիչներ և տեղեկացրել, որ ինֆեկցիոն բաժանմունքը իրենց համար այլևս հասանելի չէ, քանի որ բացումից կարճ ժամանակ անց այն փակվել է։ Ըստ բնակիչների, այն գործել է ընդամենը մեկ ամիս, որից հետո անհասկանալի պատճառներով այլևս չի գործում: Հաշվի առնելով ՀՀ-ում վարակաբանական ոչ բարենպաստ իրավիճակը, ինչպես նաև պարբերաբար տարբեր վիրուսային և այլ վարակների դեպքերի աճը, մասնավորապես՝ կարմրուկի, COVID-19-ի, արևմտյան նեղոսի տենդի, կապիկի ծաղիկի և այլի, անհասկանալի էր տաք կլիմա ունեցող Վայոց Ձորի մարզում ինֆեկցիոն բաժանմունքի չգործելը: Ստացվել էր մի իրավիճակ, երբ Վայոց Ձորի առողջապահական համակարգի առանձնահատուկ օպտիմալացման արդյունքում կառուցվել էր նոր բժշկական կենտրոն, բայց բժշկական ծառայությունների հասանելությունը խիստ հարցականի տակ էր: Հիմք ընդունելով վերոգրյալը, դիմեցի ՀՀ Կառավարությանը պարզաբանման խնդրանքով, թե որն է պատճառը, որ «Վայոց Ձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունքը 1 ամիս գործելուց հետո փակվել և բնակիչները ստիպված բուժօգնության համար հասնում են Երևանի կամ այլ հարակից մարզային հիվանդանոցներ, իսկ որոշ մանկական վարակներով երեխաները բուժվում են սույն բժշկական կենտրոնի մանկան բաժանմունքում ՝ խախտելով սանիտարա-համաճարակային նորմերը։
Եվ ահա ՀՀ առողջապահության նախարարությունից ստացա արագ արձագանքում, որ Առողջապահության նախարարության 23.10.2024թ. թիվ ՎԳ/02.1/31487-2024 գրությամբ առաջարկվել է ձեռնարկել համապատասխան միջոցներ` ինֆեկցիոն ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու համար: Ստացվում է մի իրավիճակ, որ մարզային ենթակայությամբ գործող կառույցները աշխատում են իրենց օրենքներով, վարկային ծրագրով կառուցված բժշկական կենտրոնները ընդամենը կարմիր ժապավեն կտրելու համաի են, մարզպետին չի անհանգստացնում իր մարզի բնակչի առողջությունը, իսկ հանրային վերահսկողությունը ( քաղաքացիական հասարակություն ) դարձել է կանոնակարգման միակ գործիքը․․․․․․
Հ․Գ․ մնում է միայն ՀՀ առողջապահության նախարարությանը ասել՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ․․․․»: