Իսրայելը տարածաշրջանի ճգնաժամը նոր մակարդակի հասցրեց՝ հարձակվելով Լիբանանի վրա. Էրդողան
Իսրայելը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը՝ հատելով ողջամտության բոլոր շրջանակները, ավելին` նա Մերձավոր Արևելքի ճգնաժամը նոր մակարդակի է հասցրել՝ հարձակվելով Լիբանանի վրա։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կազանում ԲՐԻԿՍ 16-րդ գագաթնաժողովի լիագումար նիստի ժամանակ։
Նրա խոսքով՝ արդար աշխարհակարգի և կայուն զարգացման կառուցումը հնարավոր է միայն սահմաններին կայունություն և անվտանգություն ապահովելու միջոցով:
«Ճգնաժամի լուծումը հնարավոր է միայն Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով պաղեստինյան պետության ձևավորման հիման վրա։ Իսրայելին առանց որևէ պայմանի զենք-զինամթերքով աջակցելը միայն կուժեղացնի ճգնաժամն ու անկայունությունը», – ասել է նա։
Նա հայտարարեց, որ Անկարան նախաձեռնություն է սկսել, որպեսզի դադարեցվի զենքի վաճառքը Իսրայելին, և այս հարցում ակնկալում է միավորման անդամ երկրների աջակցությունը: Նա միաժամանակ նշել է, որ Անկարան կոչ է անում հնարավորինս շուտ դադարեցնել Մերձավոր Արևելքի արյունահեղությունը։