Երկրի տնտեսական կյանքի կոլապսը կարող է հանգեցնել պետության փլուզման վտանգի. Դավիթ Անանյան

Թույլ քաղաքական ենթակառուցվածքի առկայության և արդյունավետ կառավարման համակարգի բացակայության պայմաններում երկրի տնտեսական կյանքի խաթարումը կամ կոլապսը կարող է հանգեցնել ոչ միայն սոցիալական և քաղաքական խնդիրների, այլև՝ պետության փլուզման վտանգի: Այս մասին իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ներքոթվարկյալ որոշ գործոնների ու ցուցանիշների վերլուծությունը վկայում է մեր երկրի տնտեսության հնարավոր խոցելիության և երկարաժամկետ տնտեսական ու քաղաքական ապագայի երաշխիքների բացակայության մասին։

ՀՆԱ-ում ոչ արտահանելի հատվածի գերակայություն՝ ներքին սահմանափակ համախառն սպառման պայմաններում․ ՀՆԱ-ի կառուցվածքում տնտեսական աճ ապահովող ոլորտները ներքին սպառման բավարարմանն ուղղվածություն ունեցող՝ ոչ արտահանելի ոլորտներն են (առևտուր, ծառայություններ, շինարարություն և այլն): Ներքին սպառման ցածր մակարդակը փոքր և ոչ բարձր գնողունակությամբ բնակչություն ունեցող երկրում սահմանափակում է շուկան և տնտեսական աճի հնարավորությունները։ Նման իրավիճակը տնտեսությունը դարձնում է անկայուն և ներքին և արտաքին ցնցումներին չդիմակայող:
Զարգացած արդյունաբերության բացակայություն․ Տնտեսության «ավանդական» արտահանելի հիմնական ոլորտը հանքարդյունաբերությունն է, որը կազմում է ՀՆԱ-ի 3-4%-ը։ Միևնույն ժամանակ, մշակող արդյունաբերությունը կազմում է ՀՆԱ-ի 11-13%-ը, որի զարգացման տեմպերը հիմնականում կախված են արտաքին գործոններից, մասնավորապես՝ վերաարտահանման ժամանակավոր հնարավորություններից։ Արդյունաբերական թերզարգացած բազայի, վերաարտահանման գործոնի և «հանքահումքային» արտահանման առկայությունը մեծացնում են հումքի համաշխարհային գների տատանումներից կախվածությունն ու խոցելիությունը՝ միաժամանակ վկայելով ներքին արտադրության թուլության մասին։
Արտաքին առևտրական բացասական հաշվեկշիռ․ 2024թ․ ութ ամսվա կտրվածքով արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 2․3 մլրդ ԱՄՆ դոլար։ Արտաքին առևտրի զգալի դեֆիցիտը վկայում է երկրի՝ ներմուծումից կախվածության մասին և, խոշոր հաշվով, հանգեցնում է արտարժութային պահուստների արտահոսքի, ինչը մեծացնում է ֆինանսական ռիսկերը։
Պարտքի բարձր մակարդակ․ Պետական պարտքը 2024թ․ օգոստոսի վերջի դրությամբ կազմում է 12․5 մլրդ ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 51%-ը (կանխատեսվում է, որ 2027թ. Ավարտին այն կաճի մինչև 55%): ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի բարձր մակարդակը վկայում է զգալի պարտքային բեռի առկայության մասին, որը սահմանափակում է ենթակառուցվածքների զարգացման և սոցիալական ծրագրերում ներդրումների հնարավորությունները:
Հետազոտության և զարգացման (R&D) և տեխնոլոգիական առաջաընթացի մեջ ցածր ներդրումներ․ Մեր երկրում R&D և տեխնոլոգիական զարգացման մեջ ներդրումների մակարդակը չափազանց ցածր է, ինչը սահմանափակում է տնտեսության նորարարական ներուժը և մրցունակությունը՝ բացասաբար ազդելով երկարաժամկետ աճի հեռանկարների վրա:
Տնտեսության դիվերսիֆիկացիայի շատ ցածր մակարդակ․ «Որակական» իմաստով տնտեսության դիվերսիֆիկացիա, ըստ էության, գոյություն չունի։ Դիվերսիֆիկացիայի բացակայությունը մեծացնում է տնտեսության՝ մի քանի հիմնական ոլորտներից կախվածության հետ կապված ռիսկերը: Նման դիվերսիֆիկացիայի բացակայությունը տնտեսությունը դարձնում է ավելի զգայուն արտաքին և ներքին ցնցումների նկատմամբ։
Անորակ պետական կառավարում և ինստիտուտներ․ Պետական ինստիտուտների և պետական կառավարման որակը չափազանց ցածր է, ինչը ազդում է երկրի ներքին զարգացումը պահպանելու և արտաքին ցնցումներին դիմակայելու ունակության վրա: Թույլ պետական ինստիտուտները սահմանափակում են տնտեսական քաղաքականության արդյունավետությունը և մարտահրավերներին արձագանքելու և կայունությունը պահպանելու գործընթացը կառավարելու կարողությունը:
Այսպիսով, մեր երկրի տնտեսությունը խոցելի է ներքին սահմանափակ շուկայի, ներմուծումից և պարտքային մեծ կախվածության, թույլ արդյունաբերական բազայի և տեխնոլոգիաների ոլորտում ցածր ներդրումների պատճառով։ Հետազոտության և զարգացման (R&D) ներդրումների ցածր մակարդակը և տնտեսության «որակական» դիվերսիֆիկացիայի բացակայությունը սահմանափակում են երկարաժամկետ կայուն աճի հնարավոր աղբյուրները:

Քաղաքական անկայունության պայմաններում պետական պարտքի բարձր մակարդակը և կառավարման վատ որակը կարող են հանգեցնել տնտեսական և սոցիալական կոլապսի, ինչն իր հերթին ռիսկեր է ստեղծում ոչ միայն քաղաքական կայունության, այնպես էլ՝ պետության ապագայի համար»։

Տեսանյութեր

Լրահոս