Կինոակադեմիան կվերանայի՞ իր որոշումը «1489» ֆիլմն «Օսկարին» չներկայացնելու հետ կապված. նախարարի պատասխանը
Սեպտեմբերի 5-ին Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարեց՝ «Օսկար» 2025 թվականի մրցանակաբաշխությանը Հայաստանը կներկայացնի Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։
Ի դեպ, Կինոակադեմիայի դատին էին ներկայացվել 4 ֆիլմ՝ Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը», Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը», Շողակաթ Վարդանյանի «1489» և Զառա Ջյանի «Սիրով վրեժխնդիր եմ լինելու այս աշխարհից» ֆիլմերը:
Կինոակադեմիայի ընտրությունը քննադատվեց՝ հարցադրմամբ, թե ինչո՞ւ է անտեսվում 44-օրյա պատերազմի մասին նկարահանված «1489» ֆիլմը, որն ամենաբարձր մակարդակով գնահատվեց, օրինակ՝ Ամստերդամում՝ հաղթող ճանաչվելով IDFA փառատոնում (բազմաթիվ փառատոներում ևս)։
ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեց․ «Վերջերս համացանցում քննադատության ալիք բարձրացավ Հայկական ազգային կինոակադեմիա կոչվող ՀԿ-ի մի որոշման մասին, որով այդ ՀԿ-ն որոշել էր իր խորհրդի անդամներից մեկի հեղինակած ֆիլմն ուղարկել «Օսկար» մրցանակաբաշխությանը․ խոսքը վերաբերում է Էդգար Բաղդասարյանի ֆիլմին, և քննադատությունն այն մասին էր, որ նույն այդ խորհուրդն «Օսկարի» մրցանակաբաշխությանը չի ուղարկել մեկ ավելի արժանի ֆիլմ՝ «1489»-ը, որը պատերազմում զոհված զինվորի և նրան փնտրելու ընթացքում նրա քրոջ կողմից վավերագրված իրադարձությունների մասին է, ֆիլմ, որը բազմաթիվ կինոփառատոներում մրցանակ է շահել։
Չէ՞ որ այդ ակադեմիան ներկայացնելու է Հայաստանը․ արդյո՞ք նորմալ է, որ որևէ ՀԿ իր խորհրդի անդամներից մեկի հեղինակած ֆիլմն ուղարկի «Օսկարի» և անտեսի մեկ այլ, ինչպես շատ մասնագետներ են ասում, շատ ավելի լավ վավերագրական ֆիլմ»։
Ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարը մասնավորապես նշեց, որ թեև հարցն ուղղակի նախարարության տիրույթում չէ, բայց իրենք ուշադիր հետևում են այս առնչությամբ հրապարակումներին։
«Մամուլում մի շարք հոդվածներ եղան, որոնք ներկայացնում էին որոշակի խնդիրներ, որոնք կապված էին Կինոակադեմիայի խորհրդի անդամների կողմից ընտրության կատարման հետ, կային անդամներ, որոնք նշել էին, որ իրենց ուղարկված են եղել ոչ բոլոր ֆիլմերը, որ հնարավորություն չեն ունեցել նայելու, ծանոթանալու, ապա ընտրելու։ Բացի դրանից՝ առկա է նաև Ձեր մատնանշած շահերի բախման հնարավոր հանգամանքը, ինչը չի կարող մեզ՝ որպես ոլորտի լիազոր մարմին, չմտահոգել, և մենք կարծում ենք, որ ներկայացված տեղեկությունը բավարար է, որպեսզի առնվազն պարզաբանումների և ընթացակարգի խախտումների հետ կապված հանգամանքները հասկանալու վերաբերյալ համապատասխան գործընթաց նախաձեռնենք։ Այդ գործընթացը կնախաձեռնի «Հայաստանի կինոյի հիմնադրամը»»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում