Ինչո՞ւ ուսանողները դադարեցրեցին աշխատանքը Սերժ Սարգսյանի եղբոր այգում. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 11-ին մեր թերթում տպագրված «Ուսանողները Սերժի եղբոր այգո՞ւմ» հրապարակման հենց հաջորդ օրվանից՝ Ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի 4-րդ կուրսում սովորողներն այլևս չեն աշխատում այդ այգում:
Այս փաստը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել են նշված բուհից: Հրապարակման մեջ գրել էինք, որ այգին, մեր տեղեկություններով, ծիրանի է և զբաղեցնում է 40 հեկտար տարածք, որտեղ ըստ պաշտոնական բացատրության՝ ուսանողները աշխատում էին արտադրական պրակտիկայի շրջանակներում:
Երեկ բուհից պարզաբանել են նաև, թե ինչու ուսանողներին այլևս չեն տանում այդ այգի: «Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ծիրանի այգու հետ կապված հետաքրքրող թեմատիկան արդեն սպառվել է և ուսանողներին բացատրելու, ցուցադրելու նյութ այստեղ այլևս չկար»,-եղել է պարզաբանումը: Փաստորեն, հրապարակման հաջորդ օրն իսկ ուսանողներին բացատրելու նյութն այգում սպառվել է»: