Բաժիններ՝

Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար

Երկրորդ օրն է՝ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Շիրակի մարզում, հեծանիվ քշելուց զատ, Նիկոլ Փաշինյանը այցելել է մի քանի համայնքներ, ճանապարհների որոշ հատվածներում ծանոթացել ասֆալտապատման աշխատանքներին, նաև հասցրել է Մարմարաշենի վանական համալիր այցելել։

Սակայն մինչ այս պահը չի այցելել Շիրակի մարզի սահմանամերձ Մեղրաշատ համայնք, որի միակ դպրոցը շուտով փակվելու է, քանի որ Կառավարությունը որոշել է այն տեղափոխել հարակից գյուղ, գյուղի ճանապարհները քարուքանդ են, այսինքն՝ Մեղրաշատն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք բնորոշ են ՀՀ սահմանամերձ բոլոր գյուղերին։

Վերջերս Մեղրաշատի վարչական ղեկավար Էդգար Թադևոսյանը 168.amհետ զրույցում ասել էր, որ գյուղը պատկան մարմինների կողմից անտեսված է։

«Մեր Հանրապետությունում Ամասիայի տարածաշրջանի երեք գյուղ՝ Մեղրաշատ, Բյուրակն և Ողջի, անտեսված են։ Չգիտեմ, գուցե իրենց սրտով չեն, չեմ կարող ասել՝ ինչու է այդպես»,- ասել էր վարչական ղեկավարը և հավելել՝ եթե գյուղի դպրոցը փակեն, ապա գյուղը դատարկվելու է։

Կարդացեք նաև

Այսօր 168.am-ի հետ զրույցում Էդգար Թադևոսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է խոշորացված համայնքների ղեկավարների հետ, սակայն կոնկրետ Մեղրաշատ չի այցելել։

«Հույս ունեմ, մեր գյուղ կայցելի և անձամբ կտեսնի իրավիճակը։ Համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ մեր համայնքապետը բոլոր խնդիրները բարձրաձայնել է։

Նիկոլ Փաշինյանը որևէ անգամ մեր գյուղ չի այցելել, եթե հիմա գա՝ կլինի նրա առաջին այցը սահմանամերձ Մեղրաշատ»,- նշեց Մեղրաշատի վարչական ղեկավարը։

Նա ասաց՝ սպասելու են Նիկոլ Փաշինյանին, քանի որ նրան շատ հարցեր ունեն։

«Իմ հարցերը կոնկրետ վերաբերում են մեր դպրոցին ու գյուղի հետ կապված խնդիրներին, բնականաբար, շատ հարցեր ունենք»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս