Բաժիններ՝

Չէի հասկանում՝ ինչո՞ւ Ադուևը դավաճանեց. «Փող։ Կիրք։ Իշխանություն»՝ ռուսական թատրոնի բեմում

Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը համալրվել է 19-րդ դարի ռուս գրող Իվան Գոնչարովի «Սովորական պատմություն» ստեղծագործությամբ։ Սակայն ռուսական թատրոնի բեմում այն ստացել է նոր անվանում՝ «Փող։ Կիրք: Իշխանություն»։

Մի քիչ անսովոր, մի քիչ ինտրիգային ներկայացման բերմադրությունը թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանինն է։ Այս անգամ թատրոնի հավատարիմ հանդիսատեսը բեմում տեսավ ոչ միայն տարբերվող սյուժեով ու լուծումներով, երբեմն՝ ողբերգական պատկերներով ներկայացում, այլև իրեն անծանոթ նոր դերասան՝ գլխավոր հերոս Ալեքսանդր Ադուևի կերպարը կերտած Սամվել Սարգսյանին։

Իվան Գոնչարովի հերոսը՝ Ալեքսանդր Ադուևը, գյուղից գալիս է մեծ քաղաք, որտեղ մորեղբոր մոտ անցնում է «կյանքի բոլոր դասերը», դաստիարակվում, որ «աշխարհում պետք է առաջնորդվել ոչ թե սիրով ու հարգանքով, այլ փողով ու իշխանությամբ»։ Իսկ երբ երիտասարդի մորեղբայրը հասկանում է, որ քրոջ որդուն սխալ ուղու վրա է դրել՝ արդեն ուշ է՝ Ալեքսանդր Ադուևը վաղուց արդեն մոռացել է սիրո, հարգանքի, գյուղում թողած սիրած աղջկա ու մոր մասին, մտածում է միայն իշխանությունն ուժեղացնելու և փող աշխատելու մասին։

Սամվել Սարգսյանը 168.am հետ զրույցում պատմելով իր մասին՝ ասաց, որ Արցախից է՝ դերասանական ճանապարհը սկսվել է Արցախից։

Կարդացեք նաև

«8 տարեկանից հաճախում էի Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի թատերական ստուդիան: Ինձ մոտ դեռ այդ տարիքից շատ հեշտ ստացվում էր կերտել կերպարները, սիրում էի արվեստը: Բայց հետո մի պահ փոխեցի մասնագիտությունս, որոշեցի դառնալ էլեկտրատեխնիկ-էներգետիկ:

Սովորել եմ Շուշիի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում», որտեղ ստացա 3-րդ կարգի էլեկտրատեխնիկ-էներգետիկի որակավորում: Բայց, ի վերջո, որոշեցի որպես մասնագիտություն՝ հենց թատերական ճյուղն ընտրել: Զինվորական ծառայությունից հետո ընդունվեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ Սուրեն Շահվերդյանի արվեստանոց: Երբ նա դարձավ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն, իհարկե, ինձ այս թատրոնն ավելի էր դեպի իրեն քաշում:

Ես բավականին լավ տիրապետում եմ և՛ ռուսերենին, և՛ հայերենին, ռուսական թատրոնի մեջ մի ուրիշ տիպի համուհոտ կա: Դրա համար, երբ պարոն Շահվերդյանն ինձ հրավիրեց և առաջարկեց խաղալ ռուսական թատրոնի բեմում՝ մանկական ներկայացման մեջ, սիրով համաձայնեցի:

Կարծում եմ՝ հիմա արդեն հանդիսատեսը կարող է ասել՝ կարողացա՞ այդ ամենը ներկայացնել բեմից, թե՞ դեռ ավելիին պետք է ձգտեմ»,- նշեց երիտասարդ դերասանը։

Սամվել Սարգսյանը խոստովանում է, որ սկզբում չի պատկերացրել, որ պետք է բեմում կերտի երիտասարդ Ադուևի կերպարը, բայց պատասխանատվությամբ է մոտեցել դերին։

«Ամենադժվար պահն այն էր, որ ես չէի հասկանում՝ ինչո՞ւ Ադուևը դավաճանեց, ինչո՞ւ իր վերջնական սերը թողեց, չպայքարեց, որովհետև ներկայացումը հենց այդպես էլ ավարտվում է, որ իմ կերպարը դառնում է իր քեռու պես ու մի բան էլ ավելի վատ: Ես մի քիչ չէի հասկանում հերոսին, քանի որ այդ ամենին Ադուևը կարող էր հասնել սիրով:

Այդ ամենը հաղթահարեցի՝ միգուցե ինձ համոզելով, որ դա իմ հերոսի քեռու դասերն էին»,- հավելեց Սամվել Սարգսյանը:

Երիտասարդ դերասանը մինչ բեմում հայտնվելն ուսումնասիրել է նմանատիպ պատմություններ ունեցող մարդկանց։

«Կարծում եմ՝ ամենահետաքրքիրն Ադուևի ժպիտն է և աչքերի փայլը։ Երբ մտնում եմ առաջին անգամ բեմ և հանդիպում կերպարիս քեռուն, պետք է փոխանցեմ աչքերիս փայլը, որ ինքն իրոք կարողանա վերջում ասել, որ իմ աչքերի փայլը կորել է: Ու դա կապված չէ ակնոցի հետ, այլ այն ուղիղ կապ ունի իմ հոգու փայլի հետ։

Իրական կյանքում ես Ադուևի նման չեմ։ Ես հանդիսատեսին ցույց տվեցի մի պատմություն, որով ցանկանում էի ասել, որ պետք չէ խաբվել փողին ու իշխանությանը, և այս աշխարհում յուրաքանչյուրը պետք է ընտրի իր ճանապարհը»,- եզրափակեց  դերասանը։

«Ինչ ցանես, այն էլ կհնձես». ահա այսպիսի ավարտ ունեցավ ներկայացումը, երբ ավագ Ադուևն իր առջև տեսավ երիտասարդ Ադուևին, որը փողի և իշխանության փայլի տակ կորցրել էր սեփական հոգին։

Տեսանյութեր

Լրահոս