Արցախից բռնի տեղահանվածները կարո՞ղ են Եվրոպայում փախստականի կարգավիճակ ստանալ. պարզաբանում

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, ինչպես ՀՀ քաղաքացիները, կարող են գնալ և օտարերկրյա պետությունում հայցել ապաստան, բայց չեն կարող գնալ և ավտոմատ ապրել փախստականի կարգավիճակում։ Բանն այն է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար առաջին մուտքի երկիրը ՀՀ-ն է, և Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ միջազգային պաշտպանության գործիքը կիրառել է՝ տվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, ինչը սովորական փախստականի կարգավիճակին հավասար դրսևորում է։

Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության պետի տեղակալ Նելլի Դավթյանը պարզաբանել է մի շարք հարցեր՝ կապված արցախցիներին տրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի, դրա նշանակության մասին և նշել՝ ինչու է կարևոր երկրից մեկնելիս անպայման ունենալ ժամանակավոր պաշտպանության վկայական (ԺՊՎ)։

Դավթյանի խոսքով՝ քանի որ ՀՀ-ն արդեն ապահովել է մարդկանց կյանքի, իրավունքների անվտանգությունը, մարդը երկրորդ անգամ նույն պաշտպանությունը որևէ այլ պետությունից խնդրել չի կարող։

«ՀՀ-ն ԵՄ անդամ պետությունների մեծ մասի կողմից (հատկապես 2018թ․ քաղաքական իրադարձություններից հետո) դասվել է ապահով երկրների շարքը։ Ցանկացած ապաստանի հայց, որ գնում է ՀՀ-ից, ենթակա է մանրազննին քննության՝ արդյոք ապահով երկրում կա՞ այնպիսի դրսևորում, որ մարդու կյանքին, իրավունքներին վտանգ է սպառնում»,- նշում է Դավթյանն ու ներկայացնում վերջին 3-4 տարիների կայուն վիճակագրությունը՝ ապաստան հայցերի մոտ 96 տոկոսը մերժվում է։

Ինչո՞ւ որոշվեց Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տալ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ

1951թ․ ՄԱԿ-ի «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայով սահմանվում են միջազգային պաշտպանության սկզբունքները։ Կոնվենցիային միացել է 160 պետություն։ Դավթյանի խոսքով՝ աշխարհում ընդունված պրակտիկան հետևյալն է՝ ապաստանի հայցին հաջորդում է փախստականի կարգավիճակի տրամադրումը կամ մերժումը։ Եթե պետության որոշումը դրական է, անձին տրվում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ։ Դա դառնում է վկայություն այն մասին, որ մարդը գտնվում է միջազգային պաշտպանության ներքո։

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար որոշվեց այնպիսի գործիք կիրառել, որի շնորհիվ ապաստանի անհատական հայցեր քննելու կարիք չլինի։ Կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ ամբողջ տեղահանված բնակչությանը տրվեց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, որը, ըստ էության, նույն փախստականի կարգավիճակն է։

Այն տրվեց բոլոր նրանց`

  • ովքեր ունեն հաշվառում ԼՂ բնակչության պետական ռեգիստրում
  • ում վերջին հաշվառումը եղել է ԼՂ բնակչության պետական ռեգիստրում
  • ովքեր չեն ունեցել հաշվառում պետական ռեգիստրում (հիմնականում հեռավոր, լեռնային գյուղերում ապրող տարեցներ), բայց տեղահանության օրերին ՄՔԾ-ի կողմից գրանցվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների շտեմարանում։

Կարգավիճակի համար պարտադիր պայման է չլինել որևէ այլ օտար երկրի քաղաքացի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության։

Ընդհանուր առմամբ, ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրվեց առնվազն 120 հազար անձի (այս թվերը պիտի հստակեցվեն ժամանակի ընթացքում, քանի որ այլ երկրի քաղաքացիություն ունենալու հանգամանքը ստուգվել կարող է, օրինակ, անձնագրային բաժանմունքներում, պահանջում է ժամանակ և լրացուցիչ փաստաթղթեր)։

Դավթյանի խոսքով՝ քանի որ տեղահանված ամբողջ բնակչությունն ունի ՀՀ անձնագրի բլանկով ճամփորդական փաստաթուղթ, պետք էր ստեղծել 2-րդ փաստաթուղթ, որը ցանկացած երկրի սահմանապահի համար կունենար տարբերակիչ հատկանիշ։ Կառավարության որոշմամբ՝ սահմանվեց ժամանակավոր պաշտպանության վկայական։

«Սա նաև մեկ այլ կարևոր առաքելություն ունի․ պաշտպանում է տեղահանված անձանց ճամփորդական իրավունքն իրացնելիս, ցանկացած պետության սահմանը հատելիս, որ սահմանապահին անհրաժեշտության դեպքում այն ներկայացվի։ Քանի որ այն նաև վավերացված է ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի կողմից, երկլեզու բովանդակությամբ սահմանապահը տեսնում է, որ անձը միջազգային պաշտպանության տակ է։ Իսկ միջազգային պաշտպանության առաջին կարևորագույն սկզբունքը չվերադարձելիության սկզբունքն է։

Այսինքն, ՀՀ-ն է անձին տվել միջազգային պաշտպանություն և որևէ խնդրի դեպքում ՀՀ-ի հետ է անհրաժեշտ պարզել անձին առնչվող ցանկացած հարց, օրինակ, հետախուզման դեպքերը»,- նշում է Դավթյանը։

Օրինակ` պատկերացնենք մի իրավիճակ, երբ անձի նկատմամբ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել։ Այս փաստաթղթի բացակայության դեպքում սահմանապահը պետք է կապ հաստատի Ադրբեջանի հետ, և քննարկվելու է նրա ուղարկումը դեպի Ադրբեջան։ Փաստաթղթի առկայությամբ կապ է հաստատվում ՀՀ-ի հետ և բացառվում է նրա ուղարկումն Ադրբեջան։

Դրա համար էլ 2024թ․ հունվարի 28-ից ՀՀ սահմանը հատելիս Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պարտադիր պետք է ներկայացնեն ոչ միայն անձնագիր, այլև ԺՊՎ։

Ի դեպ, ԺՊՎ-ի դիմումներն ընդունվում են նաև հյուպատոսական ծառայությունների միջոցով, փաստաթուղթն ուղարկվում է նաև Հայաստանից դուրս։

Տեսանյութեր

Լրահոս