Հայաստանում մեծ է սեռական ճանապարհով, սրահներից, ատամնաբուժարաններից Հեպատիտ B-ի և C-ի տարածումը․ Վարակաբան

Վիրուսային հեպատիտներն աշխարհում տարեկան խլում են կես միլիոնից ավելի մարդու կյանք։ Գերակշռում են Հեպատիտ B-ի և C-ի բարդություններից առաջացած մահվան դեպքերը։ Հիվանդության զարգացման, բուժման մասին զրուցել ենք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի վարակաբան Ելենա Սիլկայի հետ։

Ի՞նչ են վիրուսային հեպատիտները, քանի՞ տեսակ են լինում։

– Վիրուսային հեպատիտներն այնպիսի հիվանդությունների խումբ են, որոնք որոշակի վիրուսների ազդեցությամբ հիմնականում ախտահարում են լյարդը։ Չնայած և՛ Հեպատիտ B-ի, և՛ C-ի դեպքում ունենում են նաև արտալյարդային դրսևորումներ։ Հարցն այժմ շատ արդիական է։ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) կողմից թիրախային ծրագրեր են մշակվում՝ մինչև 2030 թվականը Հեպատիտ B-ի և C-ի դեպքերի նվազեցման համար, քանի որ այդ հիվանդությունների պատճառով մահացությունը շատ է։ 2022թ․ դրությամբ Հեպատիտ B-ի պատճառով ամբողջ աշխարհում մահացել է 1 միլիոն 200.000 մարդ, իսկ Հեպատիտ C-ի պատճառով՝ 242․000 մարդ։ Մահացության հիմնական պատճառը տվյալ հիվանդությունների արդյունքում առաջացած բարդություններն են, որոնցից է լյարդի ցիռոզը, հեպատոցելյուլար կարցինոման կամ լյարդի առաջնային բջջային ուռուցքը։ Այդ պատճառով պետք է կանխարգելման միջոցառումները շատացնենք, որպեսզի հասնենք ԱՀԿ-ի սահմանած թիրախներին։

Նշեմ, որ Հեպատիտ C-ն ունի 6 գենոտիպ, և ինչպես Հեպատիտ B-ի դեպքում է՝ բարդությունը լյարդի ցիռոզն ու հեպատոցելյուլար կարցինոման է։

Կարդացեք նաև

– Ինչի՞ հետևանքով են առաջանում Հեպատիտ B-ն և C-ն։

Վարակման հիմնական ուղին սեռական ճանապարհի և արյան միջոցով է։ Այսինքն, մենք կարող ենք նշված հիվանդություններով վարակվել՝ անպաշտպան սեռական հարաբերություն ունենալով արդեն իսկ վիրուս ունեցող անձի հետ, ինչպես նաև աղտոտված, վիրուսի մասնիկներ պարունակող գործիքներից՝ բժշկական կամ ոչ բժշկական միջամտություններից հետո։

Հեպատիտ B-ի դեպքում մի առանձնահատկություն ևս կա․ քանի որ այն ավելի կայուն է արտաքին միջավայրում, կարող ենք կենցաղ-կոնտակտային շփումների դեպքում ևս վարակվել, օրինակ, նույն ատամի խոզանակով ատամները մաքրելիս կամ ածելին օգտագործելիս։

Բժշկական հաստատություններից և գեղեցկության սրահներից օգտվելիս և՞ս կարող են վարակվել։

– Այո։ Բժշկական և ոչ բժշկական միջամտությունների դեպքում, երբ տեղի է ունենում մաշկի ամբողջականության խախտում՝ կարող են վարակվել։ Դաջվածքների, մատնահարդարման, ոտնահարդարման դեպքում եթե գործիքները պատշաճ ախտահանված չեն, ապա հնարավոր է վարակի տարածում։

Պատշաճ ախտահանելու համար որքա՞ն ժամանակ է պետք։

– Հեպատիտ B-ն, ինչպես նշեցի, ավելի կայուն է արտաքին միջավայրում, ուստի ախտահանումը պետք է վերցնենք՝ ըստ այդ վիրուսի պահպանման ժամկետների։ Մեր թիրախը պետք է լինի Հեպատիտ B-ի վիրուսի ոչնչացումը։ Վիրուսը մեկ ժամ եռացնելիս, օրինակ, 100 աստիճան ջրում, դեռևս կայուն է մնում։ Այդ պատճառով, ըստ Առողջապահության նախարարության և ՀՎԿԱԿ-ի հրահանգի՝ պետք է «ավտոպլավում» առնվազն երկու ժամ ջերմային ախտահարման ենթարկենք գործիքները, որպեսզի վերանա Հեպատիտ B-ի հարուցիչը։

Ե՛վ ստոմատոլոգիական կենտրոններում, և՛ մատնահարդարման սրահներում այդ հրահանգը ստացել են և պետք է խիստ հետևեն դրան։

– Նման ծառայություններ մատուցողները չպե՞տք է պարբերաբար ստուգվեն։

– Անցած տարվանից ԱՆ հրահանգը կա, որ ոչ միայն առողջապահական կենտրոններում, այլև դաջվածքներ, մատնահարդարում իրականացնող մասնագետները ևս պետք է ունենան բժշկական գրքույկ և անցնեն վիրուսային Հեպատիտ B-ի և C-ի հետազոտություն։

– Հիմնականում կենտրոն դիմող անձանց վարակման աղբյուրը ո՞րն եղել։

– Հայաստանում հիմնական հետերոսեքսուալ, այսինքն՝ սեռական ճանապարհով է փոխանցվում վարակը։ Լինում են դեպքեր, որ փոխանցման ուղին չենք կարողանում բացահայտել՝ միգուցե իրենք են թաքցնում կամ, իրոք, չգիտեն։

– Հեպատիտ B-ն համարում են միասեռականների հիվանդություն, ինչո՞ւ։

– Այդպես չէի ասի։ Դա ևս մտնում է սեռական ճանապարհով փոխանցման մեջ։ Այլ հարց է Հեպատիտ C-ի փոխանցման ուղին, որը նախկինում նույնիսկ ասում էին՝ «թմրանյութեր օգտագործողների հիվանդություն»։ Այո, այդ խումբն այս դեպքում մի քիչ ավելի շատ է, բայց սեռական ճանապարհով վարակվելը ևս չի բացառվում։ Կանայք, ովքեր ունենում են Հեպատիտ C վարակումը, լինում է սեռական ճանապարհով։

Գեղեցկության սրահներից օգտվելիս խորհուրդ են տալիս ունենալ և տանել անհրաժեշտ պարագաները։ Սա հարցի լուծո՞ւմ է։

– Այո, իմ շրջապատում էլ կան կանայք, ովքեր նախընտրում են մատնահարդարին դիմելիս ունենալ իրենց գործիքները՝ վախենալով նշված վարակներից, որոնք լուրջ խնդիր են ամբողջ աշխարհում։ Սակայն ճիշտ կլինի, որ նման սրահները ևս զգոն լինեն և ախտահանումը ճիշտ կատարեն։

– Հղիներից, ովքեր բացահայտում են, որ ունեն Հեպատիտ, այն փոխանցվո՞ւմ է երեխային։

– Հեպատիտ B-ն և C-ն կարող են փոխանցվել մորից երեխային՝ և՛ ներարգանդային կյանքում, և՛ ծննդաբերության ընթացքում։ Այդ պատճառով, օրինակ, Հեպատիտ B-ի դեպքում որոշակի հետազոտություններից հետո կարող ենք որոշում կայացնել, որպեսզի անցկացնենք հակավիրուսային բուժում՝ արյան մեջ վիրուսի քանակն իջեցնելու նպատակով, որ ներարգանդային վարակ տեղի չունենա։ Եվ ծնվելուց անմիջապես հետո երեխան պետք է ստանա պատվաստման առաջին դոզան։ Գոյություն ունեն նաև պատրաստի հակամարմիններ՝ իմունոգլոբուլիններ, որոնք ներարկում են նորածնին, որպեսզի պաշտպանված լինի և չվարակվի։

– Արդյո՞ք շատ դեղորայք, օրինակ, պարացետամոլ օգտագործելը հանգեցնում է Հեպատիտ C-ի զարգացման։

– Ոչ, սրանք ինֆեկցիոն հիվանդություններ են, այսինքն՝ պետք է լինի հարուցիչ, որպեսզի անձը վարակվի։ Որևէ սնունդ, դեղորայք ընդունելիս կամ օդակաթիլային մեխանիզմով մենք չենք կարող վարակվել։

Ինչ-որ մեկին համբուրելու կամ ձեռքը սեղմելու դեպքում հնարավո՞ր է վարակվել։

– Համբույրի դեպքում մի քիչ զգոն պետք է լինել Հեպատիտ B-ի առումով, որովհետև, եթե համբուրվելիս կա լորձաթաղանթի վնասում, և թքի մեջ առկա է արյան բաղադրություն, դա տեսականորեն, իհարկե, հնարավոր է։ Իսկ ձեռք սեղմելիս, ողջագուրվելիս երկու վարակն էլ չեն կարող փոխանցվել։

– Ճի՞շտ է, որ բուժումից հետո էլ Հեպատիտ C-ն լյարդի բջիջներում պահպանվում է։

– Վերջին տարիներին ստեղծվել են հակավիրուսային պրեպարատներ, որոնք բուժում են Հեպատիտ C-ն։ Այսինքն, բուժել ասելով՝ հասկանում ենք այն, որ վիրուսն օրգանիզմից դուրս է բերվում։ Իսկ Հեպատիտ B-ի դեպքում դեռևս չունենք այնպիսի պրեպարատ, որը վիրուսը դուրս կբերի մեր օրգանիզմից, և այն քնած վիճակում մնում է օրգանիզմի բջիջներում։

– Կարո՞ղ է մարդն այս երկու վիրուսով վարակված լինի և չզգա։ Ախտանշաններ կա՞ն։

– Հեպատիտ C-ն նախկինում անվանում էին «մեղմ մարդասպան»։ Այսինքն, գտնվելով մարդու օրգանիզմում՝ որևէ ախտանշան չի առաջացնում, և երկար՝ 20-30 ու ավելի տարի անձն ունենալով նշված վիրուսը, կարող է որևէ գանգատ չունենալ։ Նույնը՝ Հեպատիտ B-ի դեպքում, սակայն, եթե տեղի է ունենում սուր վարակ, անձը որոշ ախտանշաններ է ունենում, հետո դա դառնում է քրոնիկական վարակ, և մարդը որևէ գանգատ չի ունենում, բայց վիրուսն իր գործը թաքուն անում է՝ տեղակայվելով լյարդում։

– Եթե վիրուսը բացահայտվել է, քանի՞ տարի են բուժում ստանում։

– Բուժառուից է կախված, թե երբ իր մոտ կախտորոշվի տվյալ խնդիրը։ Պարտադիր չէ, որ անձն ունենա որևէ գանգատ, որպեսզի հետազոտվի։ Խորհուրդ կտամ, որ կանայք և տղամարդիկ գոնե տարին մեկ անգամ հետազոտվեն։ Հեպատիտ B-ի առումով խորհուրդ կտամ պատվաստվել՝ հետազոտվելուց և բացասական պատասխան ստանալուց հետո։ Ովքեր ռիսկի խմբում են՝ դիմում են տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվում։ Կատարվում է երեք ներարկում, որը 10 տարի և ավելի պաշտպանում է անձին, որ չվարակվի։

Հեպատիտ C-ի դեպքում դեռևս չկան պատվաստանյութեր, և հիմնական կանխարգելիչ մեթոդը պաշտպանված սեռական հարաբերությունն է, ախտահանված բժշկական գործիքներով միջամտությունների իրականացումը։ Այժմ իրականացնում ենք Հեպատիտ C-ի բուժման ազգային ծրագիր, ինչի սահմաններում դեղամիջոցները տրվում են անվճար։

– Ռիսկի խմբում ովքե՞ր են։

– Հիմնականում արտագնա աշխատանքի մեկնողներին ենք ներառել խմբում։ Ռիսկի խմբում է այն բուժառուն, ում զուգընկերն արդեն ունի նշված վարակները։ Ռիսկի խմբում են բուժաշխատողները, ովքեր շատ են շփվում գործիքների, բուժառուների հետ։ Ցանկալի է, որ պատվաստված լինեն դաջվածք անողները, մատնահարդարները։

Նորածիններին պատվաստո՞ւմ են միանգամից։

– Այո։ Անկախ նրանից՝ նորածնի մայրն ունի՞ վիրուսային Հեպատիտ B, թե՞ ոչ, բոլոր նորածինները ստանում են առաջին դոզան՝ հենց ծնվելուց հետո։

– ԱՆ փոխանցմամբ՝ 2024թ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում մոտ 456 հոգի է բուժում ստանում։ Ի՞նչ տարիքի, սեռի մարդիկ են։

Հավանաբար Հեպատիտ C ունեցողների թվերն են, ՀՎԿԱԿ-ի կողմից է իրականացվում հաշվարկը։ Բուժման արդյունավետությունը հիմնականում 90 տոկոսից բարձր է։ Մարդիկ ազատվում են վիրուսից։

Ասեմ, որ հիմնականում աշխատունակ տարիքի մարդկանց մոտ է հայտնաբերվում վիրուսը, դա էլ պայմանավորված է նրանով, որ սեռական ակտիվ կյանքով մարդիկ ավելի երիտասարդ տարիքում են ապրում։ Տարիքը 40-60-ն է։

Մարդկանց այդ խումբն ինչպե՞ս է իմացել հիվանդության մասին։

– Ավելի հաճախ հայտնաբերվում է վիրահատությունից առաջ։ Վիրաբույժների մեծ մասը ստուգում են որոշ վարակներ, այդ թվում՝ Հեպատիտ B և C, ու պատահական հայտնաբերվում է։ Մի մասի դեպքում էլ հայտնաբերվում է, երբ մեր կենտրոնի շարժական կլինիկայով այցեր ենք կազմակերպում մարզերում՝ հիմնականում արտագնա աշխատանքի մեկնողների շրջանում հետազոտություններ կատարելու։

– Արյան դոնոր դառնալիս ևս կարող են բացահայտել Հեպատիտ B-ն, քանի որ ստուգվում է։

– Այո, այդ ժամանակ պարտադիր պայման է Հեպատիտ B-ի, Հեպատիտ C-ի, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը։ Դրանից հետո նոր արյուն են վերցնում։ Մինչև այս վիրուսների շատ տարածվելը, ցավոք, ամբողջ աշխարհում արյան փոխներարկման միջոցով վարակման դեպքեր են եղել։ Դրա համար հիմա շատ է խստացվել և չի թույլատրվում առանց այդ հետազոտությունների փոխներարկում իրականացնել։

– Արյան կաթիլը գործիքին որքա՞ն ժամանակ է մնում։

– Եթե գործիքը չի ախտահանվում, ապա մշտական կարող է մնալ։ Հեպատիտ B-ի հարուցիչը մի քանի օր կարող է մնալ։ Իսկ սառեցման դեպքում՝ սառը արյան մեջ վիրուսները կարող են պահպանվել ամիսներ։

Տեսանյութեր

Լրահոս