Հերմինե Նաղդալյան. Ինտեգրացիայի խորացումը սահման չունի, դա մի գործընթաց է, որը պետք է անընդհատ կատարելագործվի

Ապրիլի 11-ից 13-ը Սանկտ – Պետերբուրգում մեր խորհրդարանական պատվիրակները ունեցել են բավականին լարված օրակարգ` մասնակցելով ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների և խորհրդի նիստերին, ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների և խորհրդի նիստերին, ինչպես նաև` «Եվրասիական տնտեսական հեռանկար» և «Խորհրդարանական կազմակերպությունների դերը Եվրոպայի կազմավորման մեջ` առանց բաժանարար գծերի» թեմաներով հրավիրված միջազգային ֆորումներին: Ռուսաստանի դաշնության Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի կողմից  նախաձեռնած` «Եվրասիական տնտեսական հեռանկար» թեմայով ֆորումի պլենար նիստում, որը հրավիրվել է  Սանկտ- Պետերբուրգի Տնտեսագիտական համալսարանի դահլիճում, Հերմինե Նաղդալյանը, կարևորելով եվրասիական տնտեսության ինտեգրացիոն գործընթացները, իր ելույթում մասնավորապես նշել է.

«Այսօր մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ համաշխարհային տնտեսության մեջ բարձրանում է ռեգիոնալ կառույցների դերը և ինտեգրացիոն տենդենցները բավականին ակտիվանում են: Մենք համարում ենք, որ ինտեգրացիայի խորացումը սահման չունի և դա մի գործընթաց է, որը պետք է անընդհատ կատարելագործվի»:

Իր ելույթի մեջ Հերմինե Նաղդալյանն ընդգծել է այն հանգամանքը, որ ազատ առևտրի գոտու մասնակցության իմաստով` Հայաստանը եղել է առավել ակտիվներից մեկը և առանց բացառության`միշտ կողմնակից է եղել ինտեգրացիոն երևույթներին.

«Մենք խորապես շահագրգիռ ենք, որպեսզի համագործակցություն ունենանք տարբեր կառույցների հետ, այդ համագործակցությունը լինի փոխշահավետ, և չլինեն հակամարտություններ, հակադրություններ կամ բաժանարար գծեր» – նշել է տիկին Նաղդալյանը` ընդգծելով, որ  այսօր եվրասիական գաղափարների իմաստավորման անհրաժեշտություն կա հատկապես համաշխարհային գիտական հանրության կողմից մշակված ռեգիոնալ ինտեգրացիայի տեսության և դրա ձևերի պրակտիկ կիրառման հիման վրա: Իսկ նման տարբերակներ բավական շատ են, և ռեգիոնալ համագործակցության նման ձևերը բոլորովին չեն սահմանափակվում ընդամենը այսպես ասած` սև-սպիտակի, մասնակցել-չմասնակցել կամ միանալ- չմիանալու տրամաբանության մեջ: Տարբեր երկրների համար օգտագործվում են համագործակցության տարբեր ֆորմատներ, սխեմաներ և դրանք կախված են այդ համագործակցող երկրների տնտեսության կառուցվածքից, համադրելի առավելություններից և շահագրգռություններից:

Գնահատելով և կարևորելով Ռուսաստանի դաշնության հետ ունեցած ռազմավարական և դաշնակցային լուրջ հարաբերությունները, այդ թվում նաև` առկա մեծ ապրանքաշրջանառությունը, Հերմինե Նաղդալյանն իր ելույթում բնական է համարել նաև ձգտումը` օգտագործելու նոր ինտեգրացիոն գործընթացները` ի թիվս դրանց հիշատակելով Եվրամիության հետ ազատ և համապարփակ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունները, ինչպես նաև` շահագրգռությունը`ներգրավվելու Եվրազեսի և ԱՊՀ երկրների հետ ինտեգրացիոն գործընթացներին.

«Ինչպես մեր Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն է նշել իր հարցազրույցներից մեկում` սա չի նշանակում, որ ավարտվում է մեկ ինտեգրացիոն գործընթաց և սկսվում նորը, այլ սկսվում է աշխատանքը: Այստեղ նաև շատ կարևոր է ևս մեկ միտք, որն արտահայտել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը` ով ասել է, որ ինտեգրացիոն պրոցեսները Եվրոպայի միության և եվրասիական միության հետ իրար չի կարելի հակադրել, քանզի դրանք ոչ թե հակադրվող պրոցեսներ են, այլ պետք է դիտարկել որպես միմյանց փոխլրացնող գործընթացներ: Հայաստանի Հանրապետությունը հենց այդպիսի մոտեցում է որդեգրել», – նշել է տիկին Նաղդալյանը `ավելացնելով, որ բոլոր այն տեղերում, որտեղ մեր երկիրը համագործակցության համար հնարավորություններ է տեսնում, ոչ միայն ակտիվ մասնակցում է, այլև մակսիմալ ինտեգրվում: Այդպես է եղել ինչպես հակաճգնաժամային, ինովացիոն ֆոնդերի ստեղծման ժամանակ, այնպես էլ, երբ քննարկվեց ու ստորագրվեց  ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը:

Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց նաև որ ֆորումի ընթացքում հրավիրվել էին մի շարք կլոր-սեղաններ` առանց սահմանների ու խոչընդոտների էֆեկտիվ բիզնեսի վարման , Եվրասիական տնտեսական միության միջազգային իրավական համակարգի և քաղաքական կարևոր թեմաների շուրջ, և քանի որ տնտեսական կազմավորումներին մասնակցելու գայթակղությունը բավականին մեծ է, հատկապես Հայաստանի համար` ելնելով տնտեսական իրավիճակից ու խնդիրներից, որոնք առկա են մեր երկրում, ուստի հայկական պատվիրակությունը բավականին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ֆորումի աշխատանքներին, որոնց մասնակցել են պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Արտաշես Գեղամյանը:

«Սա շատ կարևոր տնտեսական ֆորում էր, որին մեր մասնակցությունը կարևորվեց թե մասնակիցների, թե կազմակերպիչների կողմից»,- նշում է տիկին Նաղդալյանը:

Ապրիլի 11-ին կայացավ նաև մեկ այլ կարևոր քննարկում` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության հանձնաժողովում, իսկ հետո նաև վեհաժողովի խորհրդում`  ներկայացվեց և հաստատվեց Հայաստանում նախագահական ընտրությունների ժամանակ կատարած դիտորդական առաքելության հաշվետվությունը, որի ընթացքում դիտորդական առաքելության ղեկավար` Մոլդովայի խորհրդարանի «Ազգային անվտանգության և հասարակական կարգի ու պաշտպանության» հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Ստոյանոգլոյի կողմից ևս մեկ անգամ շեշտվեց, որ Հայաստանում ընթացած նախագահական ընտրությունները համապատասխանում են միջազգային ստանդարտներին և էականորեն առաջընթաց են ապահովել նախորդ ընտրությունների համեմատ:

Խորհրդի նիստի ժամանակ, ի թիվս այլ կարևոր հարցերի, ներկայացվեց նաևԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախորդ տարվա գործունեության և  երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի առաջին նիստի արդյունքները:

Հաջորդ օրը` ապրիլի 12-ին, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժովի հետ համատեղ հրավիրած`  «Խորհրդարանական կազմակերպությունների դերը Եվրոպայի կազմավորման մեջ` առանց բաժանարար գծերի» թեմայով միջազգային կոնֆերանսում, որը համատեղ կարգով վարել են ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և ԵԽ ԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը, Հերմինե Նաղդալյանն իր ելույթում բարձրացրել է մի շարք քաղաքական շեշտադրումներ`մասնավորապես նշելով, որ Եվրոպան տասնամյակներ է անցել, մինչև հասել է համաձայնության, վերացրել է բաժանարար գծերը և վստահության մեխանիզմներ է ստեղծել` միայն այն բանի շնորհիվ, որ կարողացել է շրջել անցյալի էջերը և ունեցել է քաջություն ու խոհեմություն`ընդունելու իրենց սխալները:

Մինչդեռ, բոլորիս համար մինչ օրս զարմանալի է և բացարձակ անընդունելի, որ դեռևս կան ուժեր և երկրներ, որոնք պատմությունը դիտարկում են այնպիսի ռակուրսում, որն իր հետևից բերում է անհանդուրժողականություն,  ազգային փոքրամասնությունների իրավունքների սահմանափակում, էլ չենք խոսում ուժային ագրեսիայի մասին,- նշել է տիկին Նաղդալյանը` հիշեցնելով, որ խորհրդարանականներին այսօր հատուկ դեր է վերապահվում`օգտագործելու իրենց տրամադրության տակ գտնվող գործիքներն ու անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու, որպեսզի կանխվեն քաղաքական մեկուսացման ակտերն ու ազգային կրքերի հրահրումը:

Հերմինե Նաղդալյանի գնահատմամբ` բավական կոռեկտ է եղել Ադրբեջանի փոխխոսնակի ելույթը, ով ներկայացավ իրենից հետո`ընդամենը թեթև ակնարկ հղելով առ այն, որ Ադրբեջանի հանրապետությունը  90-ականների սկզբին  մի քանի ուղղություններով  փլուզվել է, այդ թվում թալիշ-մուhանական հանրապետության ստեղծողների կողմից, և որ հյուսիսում ևս խնդիր են ունեցել` առանց հնչեցնելու կոնկրետ անուններ:

«Այստեղ հավանաբար, ճնշել է հայկական պատվիրակության ներկայությունը և այն համոզմունքը, որ հարկ եղած դեպքում համապատասխան հակադարձումը ստանալու են»,- կարծում է տիկին Նաղդալյանը, վկայակոչելով նաև մեկ այլ ազերի պատգամավորի, ով անհանգստության նշաններ է ցուցաբերել, մասնավորապես ինչ-որ հարցադրում անելով այն մասին, թե արդյո?ք այս ընթացքում ԱՊՀ հանրույթը մոտեցել է առանց բաժանարար գծերի Եվրոպայի գաղափարին, բայց զեկուցողի պատասխանն այնպիսին է եղել, որ թեման այդպես էլ զարգացում չի ունեցել:

Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց նաև, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից ստեղծվել է ինֆորմացիոն – անալիտիկ մի կենտրոն, որը կոչվում է «Հիշենք բոլորին անուն առ անուն»: Այդ կենտրոնը զբաղվում է Հայրենական մեծ պատերազմում զոհերի, անհայտ կորածների մասին ինֆորմացիայի հայթայթմամբ, նրանց գերեզմանների, հուշարձանների խնամքով: Այս առումով, տիկին Նաղդալյանը նկատեց, որ իրենք բավական ինֆորմացիա ունեն  նաև այն հայազգի մարդկանց մասին, ովքեր մասնակցել են  Լենինգրադի ազատագրմանը, բլոկադային, ովքեր զոհվել են այդ մատույցներում, և նման ինֆորմացիան մեզ տրամադրելով` բավականին դյուրացնում են մեր վետերանական միությունների աշխատանքը` այդ տեղեկատվությունը տարածելու առումով:

Տեսանյութեր

Լրահոս