Ցանկանում ենք հասկանալ, թե Հայաստանը ինչպե՞ս է պաշտպանելու ԼՂ բնակչության իրավունքները՝ միանալով ՄՔԴ-ին. Օկամպո

«Հայաստանի իշխանությունները պատասխանատու են բանակցությունների վարման համար: Մենք այս գործընթացում չկանք, սա որևէ կերպ մեր առաջադրանքը չէ: Բայց քանի որ մենք վստահում ենք միջազգային իրավունքին, մենք վստահ ենք, որ ցեղասպանություն կատարածները պետք է հայտնվեն բանտերում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:

Նա հույս հայտնեց, որ խաղաղության գործընթացն ավարտին կհասցվի, բայց ըստ նրա՝ դա այլ հարց է, քանի որ Լեռնային Ղարաբաղում արդեն իսկ ցեղասպանություն է կատարվել. «Դա այնպիսի բան չէ, որ միայն Հայաստանը պետք է պահանջի. 152 երկիր դա կպահանջի»:

Կալիֆոռնիայի Օրանժ շրջանի Գերագույն դատարանի դատավոր Կասյա Աբգարյանը նկատեց, որ շփոթմունք կա Միջազգային քրեական դատարանի անդամակցության և ակնկալիքների միջև. «ՄՔԴ-ին անդամակցելով, դա չի նշանակում, որ միջազգային համակարգերը կարող են կանխել հանցագործություններ. ՄՔԴ նպատակը պատժելն է նրանց, ովքեր կատարել են այդ հանցագործությունները: Սա վահան է, այլ ոչ թուր: Բայց ՄՔԴ-ի մեկ այլ կողմ կա, դա 153 երկրի պատասխանատվությունն է, որ ստանձնել են կանխելու համար: Կանխման մասը չափազանց կարևոր է»:

Օկամպոն նկատեց՝ Հայաստանում որոշ գյուղեր ոչնչացման եզրին կանգնած՝ ենթարկվել են ցեղասպանության. «Ես չգիտեմ՝ երբ է քննություն սկսվելու, բայց Ալիևը գիտի, որ հարձակվելով այս ուղղությամբ՝ արդեն կարող է ՄՔԴ մեղադրանքի արժանանալ: Այսինքն՝ միանալով ՄՔԴ-ին՝ Հայաստանը ձեռք է բերել պաշտպանության նոր համակարգ: Մենք կցանկանայինք հասկանալ, թե ինչպես ենք այն օգտագործելու՝ պաշտպանելու ԼՂ բնակչության իրավունքները, որպեսզի նրանք վերադառնան»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս