«Ապրիլի 9-ի Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները նման էին ուղղորդվող թատերականացմանը»
Հարցազրույց «Չորրորդ Հանրապետություն» կուսակցության նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Էդուարդ Աբրահամյանի հետ
– Հայաստանի ներքին խնդիրներից ո՞ր ուղղությունները կառանձնացնեիք` որպես առաջնային և հրատապ լուծումներ պահանջող ոլորտներ:
– Նախ` ամենակարևոր և առաջնային ներքին խնդիրը արդարության բացակայությունն է բոլոր ոլորտներում: Առողջապահությունից սկսած, վերջացրած մշակույթով` կարելի է ասել, որ Հայաստանում ոչ թե գործում է մարդու, հասարակության, պետության զարգացման վատ համակարգ, այլ գործում է հակահամակարգ, որն իր անարդարության, ապազգային, քրեաօլիգարխիկ դրսևորումներով տարիներ շարունակ իր կործանարար ազդեցությունն է ունենում հայ հասարակության վրա: Եվ արտագաղթը, հասարակական կոսմոպոլիտիզմը, հավատքի բացակայությունը վաղվա օրվա հանդեպ ոչ թե վերջին ընտրությունների մասսայական լցոնումներն ու խախտումներն են, այլ ինտենսիվ, տարիներ շարունակվող քաղաքականությունն է, որի նպատակը հայկական էթնո-քաղաքական ինքնությունը, որքան հնարավոր է, ճնշելն է:
Ես անցած իմ հարցազրույցներից մեկում նշել եմ, որ ներկայիս իշխանությունները, իրենց Հանրապետական կուսակցությամբ հանդերձ, այս տարիների ընթացքում ուղղակի ոչնչացրեցին հայկական քաղաքական մտածելակերպը, իսկ սա ամենակարևոր ոլորտն է: Եթե հայկական ինքնությունը ճնշված է, եթե քաղաքական մտածելակերպ չկա, ուրեմն չկա և պետություն հասկացությունը:
– Ինչպե՞ս կգնահատեիք վերջին համապետական ընտրությունները:
– Նախ ասեմ, որ մեզ համար խիստ կասկածելի էր ընտրությունների հայտարարված տվյալների ճշտությունը: Այդ միտքն ամրապնդվեց այն ժամանակ, երբ Սահմանադրական դատարանում մերժվեց Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցչի պահանջը` քվեների վերահաշվարկ կատարել մի շարք ընտրատեղամասերում: Բացի այդ, մեկ այլ թեկնածուի` Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի վարկածներն ու մյուս թեկնածու Վարդան Սեդրակյանին կալանավորելու փաստն իշխանությունների կողմից գնահատում եմ անարդար և ոչ անկեղծ: Չնայած որ բազմաթիվ միջազգային դիտորդներ ներկա էին ընտրություններին և տվեցին իրենց համոզիչ պատասխանները, սակայն հայ ժողովրդի համար համոզիչ չէին այս ընտրություններն ու բնականաբար` արդյունքները: Ուստի տվյալ ընտրությունները հեռու են լեգիտիմ կոչվելուց:
– Իսկ ի՞նչ կարծիք ունեք հետընտրական շրջանում ընդդիմադիր շարժման առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վարած քաղաքականության, նրա քայլերի և գործողությունների մասին:
– Ստեղծվում է տպավորություն, որ պարզ չէ, թե Րաֆֆի Հովհաննիսյանը կոնկրետ ինչ է ուզում: Սկզբում նա ընտրեց, այսպես կոչված, «գանդիական» պայքարի ուղին, սակայն որոշ ժամանակ անց հացադուլի անվան տակ իր նախաձեռնությունը հրամցրեց` որպես ծոմապահություն: Ապրիլի 9-ի Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները նման էին ուղղորդվող թատերականացմանը: Պայմանավորվածությունն ակնհայտ է: Մենք եթե լինեինք, այլ կերպ կանեինք: Պետք էր օգտվել ընտրություններից հետո ստեղծված իրավիճակից ու այդ օրերին իրականացնել այնպիսի ծրագրված ու իրար հաջորդող գործողություններ, որոնք, իրենց իսկ բնույթից ելնելով` միջազգային դիտորդներին ու մի շարք «բախտորոշ» երկրների ղեկավարներին կստիպեին փոխել իրենց դիրքորոշումն ընտրությունների օրինականության ու լեգիտիմության վերաբերյալ: Դրան էր սպասում, օրինակ, ԱՄՆ նախագահը` մոտ մեկ շաբաթ ձգելով Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցրած շնորհավորանքի խոսքերը: Այսպիսով, ինչպես կասեին ռուսները` «поезд ушел»:
Րաֆֆի Հովհաննիսյանը, մտնելով նախագահական նստավայր, այսինքն` Սերժ Սարգսյանի «տարածք», և նստելով նրա հետ բանակցությունների` կործանեց իր` «ընտրված նախագահ» կարգավիճակը: Նա ժողովրդի հանդեպ անարդարություն դրսևորեց, ինչը իշխանության կողմից միանգամից նկատվեց, և ձևավորվեց համապատասխան վերաբերմունք: Դա նշանակում է, որ նա Սերժ Սարգսյանից ոչնչով առավել չէ:
– Սպասվող Երևանի ավագանու ընտրությունների մասին. արդյոք դրանք կարևորո՞ւմ եք:
– Երևանի ավագանու ընտրությունները, որոնք տեղի են ունենալու նախապես մշակված կեղծիքների ու ուղղակի վերևներից իջեցված որոշումների սցենարով, ինչպես ԱԺ կամ նախագահական ընտրությունները, անիմաստ էներգիայի և հնարավորությունների կորուստ է: Պետք է հայ ազգի, քաղաքական էլիտայի մտածելակերպի և հոգեբանության մեջ մտցնել նոր արժեքային սկզբունքներ, արթնացնել իրական հայկական քաղաքական արժանապատվությունը, որը քնած է: Միայն այս պարագայում ՀՀԿ նախագծված սցենարներն անիմաստ կլինեն և չեն աշխատի: Պետք է աստիճանաբար նախագծվի նոր, իրական առաջնորդի ու մարդկային, հոգևոր ու մտավոր որակներով օժտված մարդու կերպար, ով գալու է վերականգնի հայ ազգի կողմից այդքան սպասված Արդարության Համակարգը: Բոլորը, նույնիսկ Սերժ Սարգսյանից մինչև հասարակ քաղաքացի` այդ առաջնորդին են սպասում:
Հարցազրույցը` Ա.ՍԱՐԳՍՅԱՆԻ
«168 ԺԱՄ»