Պետքարտուղարությունը հավանություն է տվել Նորվեգիային 405 միլիոն դոլարի «օդ-օդ» դասի հրթիռների վաճառքին
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել է Նորվեգիային 405 միլիոն դոլարի AIM-120 (AMRAAM) միջին հեռահարության «օդ-օդ» դասի հրթիռների հնարավոր վաճառքին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պաշտպանության նախարարության Անվտանգության բնագավառում համագործակցության գործակալությունը, որը պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարումների համար:
Ըստ հաղորդագրության՝ թագավորության իշխանությունները միջին հեռահարության «օդ-օդ» դասի 100 հրթիռի, 4 ուղղորդման սեկցիայի, ինչպես նաև օժանդակ սարքավորումների գնման դիմում են ներկայացրել։ Հնարավոր գործարքի ընդհանուր գումարը գնահատվում է 405 մլն դոլար:
Նշվում է, որ առաջարկվող վաճառքը կաջակցի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակներին՝ ՆԱՏՕ-ի դաշնակցի անվտանգությունը բարելավելու միջոցով։