Հեղինե Բիշարյանն` Արմեն Մարտիրոսյանի մասին. Ցավալի էր իմ նախկին գործընկերոջն այդ վիճակում տեսնել

«Ես կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր առաքելությունը կատարում է ընդդիմադիր քաղաքական դաշտում: Նա միշտ էլ կարող է հրավիրել հանրահավաքներ և մշտապես իր խոսքն ասել այդ ճանապարհով: Դա վատ ճանապարհ չէ, պարզապես մշտապես պետք է կառավարել հավաքված ժողովրդին, որպեսզի արյուն չթափվի»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը:

Նա դժվարացավ պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդին բախման տանող քաղաքական գործիչ է, թե՞ ոչ, սակայն նշեց, որ նա, ով ժողովրդին դուրս է բերում հրապարակ, շատ զգույշ պետք է լինի: Հեղինե Բիշարյանի կարծիքով, քանի դեռ երկրում կայացած չէ քաղաքացիական հասարակությունը և չկա փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտ, բախման վտանգը մեծ է:

Խոսելով երեկ Բաղրամյան պողոտայում կատարված բախումների մասին` Հեղինե Բիշարյանը նշեց, թե չի կարող մեղավորներ նշել, սակայն մեծ ցավ է ապրել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի համար: «Ինձ համար ցավալի էր իմ նախկին գործընկերոջն այդ վիճակում տեսնել: Ես չգիտեմ, թե մեղքն ո՞ւմն է, կամ ո՞վ է դա հրահրել, ես չեմ կարող այդ գնահատականը տալ, քանի որ այնտեղ չեմ եղել, բայց անընդունելի է քաղաքական գործիչներին տեսնել այդ վիճակում: Այդ բախումները մեզ համար անընդունելի են` անկախ նրանից, թե ո՞ւմ կողմից են դրանք արված»,- ասաց Հ. Բիշարյանը:

«Օրինաց Երկրի» փոխնախագահը չի կիսում նաև այն տեսակետը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական գործողությունների նպատակը Երևանի ավագանու ընտրություններն են: «Ես կուզենամ դրան չհավատալ, որովհետև դա քաղաքական ուժ է, որն ինքն էլ է պատկերացնում, որ այդ ճանապարհով ընտրությունների չեն գնում: Ի վերջո, մեկ-երկու օրից ժողովուրդն անմիջապես կհասկանա, թե ո՞ւր են տանում այդ քայլերը:

Մենք այսօր բավականին բարձր մտածող ժողովուրդ ունենք, էնպես չի, որ ժողովուրդը չի գիտակցում, թե ո՞վ` ինչո՞ւ է այդ քայլն անում: Այդ պատճառով ես մտածում եմ, որ ճիշտ չի լինի, որ էդպես մտածեն, բայց ժամանակը ցույց կտա` արդյո՞ք այդ երկարաժամկետ հանդիպումները տանում են դրան: Պետք է փաստել, որ նախագահական ընտրություններն ավարտվել են, և սահմանադրական դատական պրոցեսները չեն տվել այնպիսի արդյունքներ, որ նախագահական ընտրությունների արդյունքում կարող էին լուրջ փոփոխություններ լինել, և մենք ունենք այն, ինչ ունենք: Սրա հետ պետք է հաշտվել և գտնել պայքարի այն լավագույն ձևերը, որտեղ արյուն չի թափվի»,- նշեց Հեղինե Բիշարյանը:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս