Հայաստանը կկորցնի ամեն ինչ. Թուրքիան կկլանի Հայաստանը. Հայկ Ֆարմանյան
Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացների հերթական՝ հինգերորդ հանդիպումը կայացավ հուլիսի 30-ին հայ-թուրքական սահմանին։
Հանդիպումից հետո Երևանն ու Անկարան տարածեցին հայտարարություններ, որոնցում ասված էր, որ կողմերի միջև ձեռք են բերվել պայմանավորվածություններ կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու, ինչպես նաև՝ նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու վերաբերյալ։
Ռուբեն Ռուբինյան ու Սերդար Քըլըչ հանդիպումից հետո նաև հայտարարվեց, որ կողմերը պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ երկաթուղու սահմանային անցակետը և փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։
Այս հանդիպմանը և կողմերի տարածած հայտարարություններին, սակայն, մեկ օր անց արձագանքեց Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ խոսելով Հայաստանի առաջ դրված նախապայմանների մասին։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումները շարունակվում են, և մենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման դեպքում պետք է մեր սցենարը նախապատրաստենք։ Այժմ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Մենք կարող ենք կյանքի կոչել դրական սցենարը, այսինքն՝ բացել սահմանը Հայաստանի հետ»,- ասել էր թուրք պաշտոնյան։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը, խոսելով Թուրքիայի կողմից փակված հայ-թուրքական սահմանի բացման հավանականության մասին, նշեց՝ պատերազմում պարտված Հայաստանի այս իշխանության պաշտոնավարման ժամանակաշրջանում սահմանի բացումը նշանակելու է Թուրքիայի կողմից Հայաստանի տնտեսության ուղղակի կլանում, հետևապես, պետք չէ հայ ժողովրդին սին հույսեր վաճառել, թե սահմանի բացման պարագայում ՀՀ տնտեսությունը կաճի։
«Ի՞նչ առևտուր։ Թուրքիայի հետ առևտուր անելուց առաջ Հայաստանը նախ պետք է վաճառելու բան ունենա։ Ի՞նչ սահմանի բացում, այդ ի՞նչ գին է վճարելու Հայաստանը սահմանի բացման դիմաց՝ Սյունիքով միջա՞նցք է տալու։ Այդ ի՞նչ ունենք առաջարկելու թուրքական շուկային, որպեսզի լինի երկկողմանի և ոչ թե միակողմանի առևտուր, չէ՞ որ, եթե առևտուրը երկկողմանի չեղավ, ապա բերելու է Թուրքիայի կողմից Հայաստանի կլանման»,- ասաց Հայկ Ֆարմանյանը՝ հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի տնտեսության աճի հետ կապողներին կոչ անելով ուշադիր հետևել Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության վերջին տասը տարվա վիճակագրությանը։
«Թուրքիայի հետ առևտուր անելու և տնտեսական օգուտներ ստանալու մասին խոսողները կարող են նայել վերջին տարվա վիճակագրությունը, ըստ որոնց, վերջին 10 տարում Թուրքիայից Հայաստան է ներկրվել 300 միլիոն դոլարի ապրանք, Հայաստանից արտահանվել է 10 անգամ քիչ՝ 3-3.5 միլիոն դոլարի ապրանք»,- ասաց Ֆարմանյանը՝ ընդգծելով, որ սահմանի բացման պարագայում նույն հարաբերակցությունը վերջնարդյունքում բերելու է թուրքական էքսպանսիայի։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։