Բարաք և Միշելը Օբամաներն աջակցություն են հայտնել Հարիսի առաջադրմանը
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, աջակցել են ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությանը նախագահի պաշտոնի համար։
Օբամաները զանգահարել են Հարիսին, նրանց հեռախոսազրույցը տեսագրվել ու հրապարակվել է YouTube-ում։
«Մենք զանգահարել ենք, որ ասենք, որ ես ու Միշելը չէինք կարող ավելի հպարտ լինել, որ աջակցում ենք Ձեզ և կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ավարտին հասցնեք այս ընտրությունները և մտնեք Օվալաձև գրասենյակ», – ասում է Օբաման Հարիսին:«Ես հպարտ եմ Ձեզնով: Սա պատմական է լինելու», – ասում է ԱՄՆ նախկին առաջին տիկինը Հարիսին:
Հարիսն իր երախտագիտությունն է հայտնում Օբամաների աջակցության և իրենց վաղեմի բարեկամության համար:
«Շնորհակալ եմ երկուսիդ: Սա այնքան կարևոր է։ Եվ մենք նաև մի փոքր կզվարճանանք», – ասում է Հարիսը:
Ըստ Reuters-ի՝ Հարիսի ընտրարշավի թիմը հայտնել է, որ սա իրական զանգ է, ոչ թե բեմականացում։Ընտրարշավից դուրս գալու մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո Դեմոկրատական կուսակցության աջակիցները, քաղաքական գործիչները և դոնորները ավելի ու ավելի մեծ աջակցություն են սկսում ցուցաբերել Հարիսին։ Օբաման՝ ԱՄՆ առաջին սևամորթ նախագահը, շարունակում է մնալ Դեմոկրատական կուսակցության ամենակարկառուն դեմքերից մեկը՝ չնայած այն բանին, որ նրա վերջին ընտրությունից անցել է ավելի քան մեկ տասնամյակ:
Reuters-ը նշում է, որ Օբաման, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Հարիսի ընտրարշավին, երբ նա պաշտոնապես առաջադրվի որպես Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։