ԱՄՆ-ն Իրանի ափերի մոտ կանգնած իր ռազմանավերը համալրում է լազերային զենքով (տեսանյութ)

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերն առաջին անգամ իրենց նավերը համալրելու են լազերային զենքի համակարգով, որն ունակ է կործանել անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), շրջափակել նավերը և «կուրացնել» հակառակորդի հաղորդիչ սարքերը:

Մարտական լազերային սարքավորման նախատիպը, որը Վաշինգտոնի համար արժեցել է գրեթե 32 միլիոն դոլար, արդեն 2014 թվականին տեղակայվելու է Իրանի ափերի մոտ՝ Պարսից ծոցի «Փոնս» լողացող բազայի վրա: Այս մասին հայտնել է ռազմածովային ուժերի լազերային հետազոտական ծրագրի ներկայացուցիչ Փիթեր Մորիսոնը:

ԱՄՆ կոնգրեսն արդեն իսկ հայտարարել է, որ նոր զենքը ռազմածովային նավատորմին ընձեռում է «պատմական հնարավորություններ»: ԱՄՆ կոնգրեսի հետազոտական ծառայության զեկույցում նշված է. «Ռազմանավերի հագեցումը մարտական լազերային սարքավորմամբ կարող է հանգեցնել ծովային մարտավարության, նավերի դիզայնի ու նավային զենքի գնման պլանների փոփոխմանը:

Նավատորմի համար փոփոխության կենթարկվեն նաև «խաղի կանոնները», ինչպես որ տեղի ունեցավ 1950-ական թվականներին նավային հրթիռների ի հայտ գալուց հետո»: Պենտագոնն այս փորձնական զենքի կրակային հզորությունը ցուցադրել է հատուկ թողարկված տեսանյութում:

Ամերիկյան ԶԼՄ-ներն ընդգծում են, որ ինֆրակարմիր հզոր լազերի գործողությունը հիշեցնում է «Աստեղային պատերազմներ» ֆիլմի տեսարանները: Լազերային հրանոթն իր համար թիրախ է ընտրում ԱԹՍ-ին և ակնթարթորեն կործանում է նրան, որը պայթում է և ընկնում ծովը:

Լազերի առավելությունների թվում նշվում է զինամթերքի ցածր արժեքը: Զինվորականների տվյալներով՝ մեկ կրակոցն արժենում է 1 դոլար: Դա բավական քիչ է՝ համեմատած կանխազարկ հրթիռի թռիչքի հետ, ինչն արժենում է գրեթե 1.4 միլիոն դոլար:

Լազերի թերությունների թվում նշվում է, որ այդ զենքը չի կարող արդյունավետորեն գործել եղանակային վատ պայմաններում կամ մառախուղի դեպքում: Ակնկալվում է, որ լազերն իր ողջ ծավալով սկսելու է գործելու մինչև 2014 թվականի ամառ:

 

Տեսանյութեր

Լրահոս