Եվրոպական «պրյանիկ»՝ ինչի՞ դիմաց. Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Եվրոպական «պրյանիկ»՝ ինչի՞ դիմաց

✔️ «Մենք մեծապես ողջունում ենք ԵՄ կողմից՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։ Սա ՀՀ-ԵՄ գործընկերության շատ կարևոր հանգրվան է, գործընկերություն, որը խորանում է՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների, ինչպես նաև կայունության, խաղաղության և բարեկեցության տեսլականի վրա»,- հայտարարվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

🔸Կասկած չկա, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այս խոսույթը տրենդային է լինելու Հայաստանի իշխանության և պսևդոարևմտամետ շրջանակների խոսքում՝ քողարկելու համար Հայաստանի արտաքին քաղաքականության ակնհայտ ձախողումները:

🔸 Անշուշտ, դրական է, որ Հայաստանը ԵՄ Խաղաղության հիմնադրամից ստանում է 10 միլիոն եվրո՝ պաշտպանական կարիքների համար, սակայն մեր իշխանությունը թաքցնում է այն փաստը, որ Բրյուսելում այս հարցի շուրջ կոնսենսուս կայացել է միայն այն բանից հետո, երբ ԵՄ-ն այլ միջոցներից նույնքան գումար է հատկացրել Ադրբեջանին՝ ականազերծման համար:

🔸Վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկը նույնպես դրական է, սակայն դրա արդյունքը կանխատեսելի չէ: Այդ գործընթացը Մոլդովայի պարագայում տևել է մի քանի տարի, Վրաստանի դեպքում 6 տարի, Ուկրաինայի պարագայում 9 տարի, Թուրքիան տասը տարուց ավելի անարդյունք բանակցում է: Վիզաների ազատականացումը դրական է, երբ երկիրը պատրաստ է այդ ռեժիմին ու դա օգտագործում է տնտեսական և կրթական ենթակառուցվածքների զարգացման համար, հակառակ պարագայում՝ այն կարող է խրախուսել արտագաղթը:

🔸Շատ կարևոր է, թե ո՞րն է վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի քաղաքական գինը: Արդյո՞ք այն «պրյանիկ» է, որի դիմաց Հայաստանը հերթական անգամ պետք է իջեցնի նշաձողը հայ-ադրբեջանական հարաբերություններում և ուժեղացնի հակառուսական հռետորաբանությունը:

🔸Առայժմ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները Բրյուսելից բոնուս են ստացել՝ երկրի ներսում էլեկտորալ կոնսոլիդացիա անելու համար և խրախուսվել են՝ շարունակելու Հայաստանը ռուսական ուղեծրից դուրս բերելու իրենց քաղաքականությունը շարունակելու հարցում»:

Տեսանյութեր

Լրահոս