Ֆոն դեր Լյայենը խոստանում է ԵՄ-ն վերածել պաշտպանական միության

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը մինչև 2029 թվականն այդ պաշտոնում երկրորդ ժամկետով վերընտրվելու դեպքում խոստանում է Եվրամիությունը վերածել պաշտպանական միության։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Առաջիկա հինգ տարիների մեր գործունեությունը կկենտրոնանա Եվրոպական միությունն իսկական պաշտպանական միություն դարձնելու վրա»,- նշված է նրա նախընտրական ծրագրում:

Պաշտոնյան նախատեսում է նաև ստեղծել Եվրոպական պաշտպանական հիմնադրամ։

«Մենք կստեղծենք Եվրոպական պաշտպանական հիմնադրամ, ներդրումներ կկատարենք պաշտպանական բարձր հնարավորությունների այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են ծովային, ցամաքային և օդային ուժերը, տիեզերքը և կիբեռանվտանգությունը»,- ասվում է ծրագրում:

Ֆոն դեր Լյայենը նաև հայտարարել է պաշտպանության վրա ավելի շատ միջոցներ ուղղելու անհրաժեշտության մասին՝ հայտարարելով եվրոպական հակաօդային վահանի նախագիծն իրացնելու ձգտման մասին:

«Սերտորեն աշխատելով անդամ պետությունների և ՆԱՏՕ-ի հետ՝ մենք կառաջարկենք մի շարք պաշտպանական նախագծեր, որոնք ընդհանուր եվրոպական հետաքրքրություն են ներկայացնում, այդ թվում ՝ եվրոպական հակաօդային վահան և կիբեռպաշտպանություն»,- նշվում Է փաստաթղթում:

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը մտադիր է նաև ստեղծել պաշտպանության հարցերով եվրահանձնակատարի պաշտոն:

«Եվրոպական մակարդակով պաշտպանության ամրապնդման աշխատանքները համակարգելու համար ես կնշանակեմ պաշտպանության հարցերով հանձնակատար, որը սերտորեն կհամագործակցի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հաջորդ բարձրագույն պաշտոնյայի հետ»,- ասված է փաստաթղթում:

Նա նաև ընդգծել է, որ առաջիկայում կներկայացնի Եվրոպայի պաշտպանական ոլորտի ապագայի վերաբերյալ ծրագիրը:

Հուլիսի 18-ին Ստրասբուրգում տեղի կունենա Եվրահանձնաժողովի նոր ղեկավարի պաշտոնում ֆոն դեր Լյայենի թեկնածության հարցով Եվրախորհրդարանի պատգամավորների քվեարկությունը։

Տեսանյութեր

Լրահոս