«Աման, ուշադրությու՛ն, ձեր մեջ ծպտյալ հայեր կան». Հայկո Բաղդատ
Պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատը, ով 2016-ից ի վեր, ստիպված լքելով Թուրքիան, բնակություն է հաստատել Գերմանիայում, հայտնի է խոսքի ազատության, մարդու իրավունքների և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իր համառ և անձնազոհ պայքարով։ Նա թուրքական ընդդիմադիր «Artigercek» թերթում հրապարակել է հոդված Թուրքիայում ապրած և ապրող ծպտյալ հայերի, հույների և հրեաների մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բաղդադն անդրադարձել է այն տարբեր խոսակցություններին, որոնց համաձայն՝ շատ հայտնի քաղաքական գործիչներ ունեն հայկական, հրեական և կամ հունական արմատներ: Այս ամենին զուգահեռ հոդվածի հեղինակը հարցադրումներ է արել Թուրքիայում ապրած փոքրամասնությունների ներկայացուցիչների և այօր նրանց ծպտյալ լինելու պատճառների վերաբերյալ:
«Աբդուլլահ Գյուլի մայրը հա՞յ է: Սաբիհա Գյոքչենը, Մեսութ Յըլմազը, Ադնան Քահվեջին, Դևլեթ Բահչելին հա՞յ են: Սևքի Յըլմազը, Մուրադ Քարայալչըն, Աբդուլլահ Օջալանը, Հաքան Ֆիդանը, Ֆեթհուլլահ Գյուլենը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հա՞յ, հո՞ւյն, թե՞ հրեա են:
Այժմն քանի՞ հայ կա, որոնք, իրենց ինքնությունը կոծկելով, մուսուլմանի, ալևիի և քուրդի պես շարունակում են ապրել Թուրքիայում: Ինչո՞ւ են հայերը ստիպված եղել թողնել իրենց հայկական ինքնությունը:
Եթե Աբդուլլահ Գյուլի մոր էջում մի կին իրականում հայ է, այդ կնոջ նկատմամբ այս դաժանությունն ով է իրականացրել: Այդ հայերն ինչպես են վերածվել իսլամական ավանդույթները կրող ընտանիքի: Ինչո՞ւ են բոլոր մայրերը, տատիկները հայ լինում, իսկ հայրերն ու պապիկները՝ երբեք: Այն, ինչ արել է «Իսլամական պետությունը» եզդի կանանց նկատմամբ, Թուրքական պետությունն արել է հայ կանանց նկատմա՞մբ։
Թուրքիան գիտի՞, թե նախկինում ովքեր են հայ եղել: Այդ տվյալներն արդյո՞ք ինչ-որ տեղ կան: Այդ տվյալները պետք եղած ժամանակ արդյո՞ք օգտագործվում են: Անցյալում հայ լինելն այսչափ հանցա՞նք է եղել, իսկ այսօր դեռևս հայ մնացածներն ի՞նչ նշանակություն ունեն Թուրքիայի համար:
«Թուրքիայի պատմագիտական խորհուրդը» ղեկավարած, «ԱՇԿ»-ի և «Լավ կուսակցության» պատգամավոր հանդիսացած Յուսուֆ Հալաչօղլուն (թուրք պատմաբան և քաղաքական գործիչ-խմբ.) 2010-ին կատարած մի գրության մեջ հետաքրքիր հաշվարկներ էր ներկայացրել»:
Բաղդատը գրել է, որ Հալաչօղլուի հաշվարկների հիման վրա այսօր Թուրքիայում 500.000 ծպտյալ հայ է ապրում, ինչը նաև, ըստ նրա, փաստում է Հայոց ցեղասպանության մասին թուրքական կողմի պնդումների անհիմն լինելու մասին:
Նրա խոսքով՝ նույնիսկ ցեղասպանություն իրականացնելուց հետո թուրքական պետությունը հետզհետե ասիմիլացվող հայերի նկատմամբ ցանկանում էր շարունակել իր որսը:
Պոլսահայ հոդվածագիրն Անկարայի նախկին քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի հաշվարկները ևս ներկայացրել է: Դրանց համաձայն՝ 1914-ին Օսմանյան կայսրությունում ապրել են 3.353.825 հայ, հույն և հրեա, որոնք կազմել են բնակչության 18.22 տոկոսը:
Փոքրամասնությունների թվաքանակը ներկայացնելուց հետո նա, իր խոսքով, պարզ մաթեմատիկայի հիման վրա, հաշվի առնելով 1914-ին եղած մարդկանց քանակը, հաշվել է, թե 2024-ին որքան հայ, հրեա և հույն պետք է ապրեր Թուրքիայում:
«Թուրքիայի բնակչությունը 2024-ին կազմում է 85 մլն 372.377: Եթե հիմք վերցնենք նույն տվյալները՝ Թուրքիայում կա 15 մլն 554.847 հույն, հայ և հրեա»:
Այս ամենը ներկայացնելուց հետո Բաղդատը գրել է, որ այս օրերին Թուրքիայում ապրող 15 միլիոնից ավել հայերին, հրեաներին և հույներին ճանաչելու ցանկություն ունի։
«Ես ցանկանում եմ ճանաչել նրանց Թուրքիայում:
Ոչ ոք չի կարող դատապարտել մեկին ազգությամբ հայ, հույն կամ հրեա լինելու համար: Բայց եթե ճանաչվում է սիրիացու, աֆղանի կամ թուրքմենի անունը, ռասսան և ինքնությունը, մեր իրավունքն է սրանց ևս ճանաչել իրենց ինքնությամբ:
Թուրքիայի ազգային մեծ ժողովը (խորհրդրարան։- խմբ.) հրատապ օրենք պետք է մշակի և պետք է անձերի իրական ինքնությունը դնի բնակչության դրամապանակներում…»:
Բաղդատը նաև նշել է իր հավատն առ այն, որ այնպես, ինչպես թուրքն է իր թրքությամբ հպարտանում, այնպես գովաբանվելու են հույները՝ հույնությամբ, հայերը՝ հայությամբ և հրեաները՝ հրեությամբ:
Ապա հարց ուղղել ընթերցողներին և Թուրքիայի հասարակությանը.
«Ի՞նչ եք մտածում, Tweet աշխարհ:
Սիրելի ընթերցողներ, իրապես, ի՞նչ եք մտածում: Ինչը՞ կարող է պատճառ լինել, որ կյանքի բնական ընթացքի պայմաններում երկրում լինելիք 15 մլն 554.847 հայերը, հույները և հրեաներն այսօր կազմեին այնքան, որը բավական չէ մի ստադիոն (մարզադաշտ։- խմբ.) լցնելու համար:
Հայրենիքում քանի՞ հայ կա, քանի՞սն են սպանվել, քանի՞սն են սպիտողաբար փոխել իրենց ինքնությունը: Այսօր հասարակության մեջ այսպես ապրող քանի՞ մարդ կա: Ովքե՞ր են նրանք:
Ես համաձայն եմ Գյոքչեքի և Հալաչօղլուի հետ: Եկեք խոսենք այս թեմաների շուրջ: Բացահայտենք ձեր մեջ եղած ծպտյալ հայերին: Մենք պատրաստ ենք:
Ըստ ձեզ՝ պատրաստ է արդյո՞ք թուրքական պետությունը»: