Բաժիններ՝

Շուրջ 16 մլն դրամ` ՀՀ-ում «Մայր Աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության համար

ՀՀ կառավարությունը ԿԳՄՍՆ-ին 15 մլն 693.000 դրամ հատկացրեց Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված՝ Սատաղից գտնված և Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլխի և ձեռքի ցուցադրության հանրահռչակման համար։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Հիշեցնենք, որ «Մայր Աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի բացումը նախատեսված է սեպտեմբերի 21-ին` ՀՀ անկախության տոնին և կտևի 6 ամիս։ Ք․ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված և Բրիտանական թանգարանում պահվող բրոնզե գլուխն ու ձեռքը սեպտեմբերին Հայաստան կտեղափոխվեն՝ 6 ամսով ժամանակավոր ցուցադրության համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ցուցադրության համար նախատեսված մնացած լրացուցիչ ծախսերը կհոգան մասնավոր ընկերությունները։

«Այս աշնանը պլանավորում ենք Հայաստանի պատմության թանգարանում Բրիտանական թանգարանի հետ համատեղ ցուցադրություն բացել, որը շատ կարևոր նշանակություն է ունենալու թանգարանային ոլորտի և թանգարանի միջազգայնացման ուղղությամբ։

Այս տարի լրանում է Հայաստանի պատմության թանգարանի հիմնադրման 105-ամյակը և թանգարանի հիմնադիր ղեկավար, անվանի ազգագրագետ Երվանդ Լալայանի ծննդյան 160-ամյակը։ Թանգարանը ամենաակտիվ գործունեություն ծավալող մշակութային կազմակերպություններից մեկն է, որը համագործակցություն ունի այնպիսի հեղինակավոր թանգարանների հետ, ինչպիսիք են Նյու Յորքի Մետրոպոլիտենը, Ռուսաստանի Դաշնության Էրմիտաժը, Ֆրանսիայի Լուվրի թանգարանը, Մեծ Բրիտանիայի Բրիտանական թանգարանը, Չեխիայի ազգային թանգարանը, Իտալիայի Վենետիկի Դոժերի պալատը և այլն։

Ավանդաբար յուրաքանչյուր տարի թանգարանի հավաքածուից մշակութային արժեքներ են ցուցադրվում աշխարհի տարբեր հեղինակավոր թանգարաններում՝ համատեղ ցուցահանդեսների ձևաչափով: Նախորդ տարի ինքս առիթ եմ ունեցել նման մի ցուցադրության լինելու Լոնդոնում և պետք է ասեմ, որ շատ մեծ հետաքրքրություն են առաջացնում մեր երկրից տարված ցուցանմուշները։

Այնուամենայնիվ, դեռևս չունենք արտերկրի հեղինակավոր թանգարաններից արժեքավոր ցուցանմուշներ հյուրընկալելու և Հայաստանում այցելուներին ներկայացնելու փորձառություն։ Եվ նախորդ տարվանից այս ուղղությամբ նույնպես աշխատանքներ ենք ձեռնարկել, որի արդյունքում 2024 թվականին պայմանագիր է ստորագրվել Բրիտանական թանգարանի հետ համատեղ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը Պատմության թանգարանում իրականացնելու մասով։ Դրա շրջանակներում առաջին անգամ Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված և Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում պահպանվող և տարբեր ժամանակաշրջաններին պատկանող մայրության թեմային վերաբերող տարբեր ցուցանմուշերի հետ համադրությամբ՝ կցուցադրվի Հայաստանում»,- ասաց Անդրեասյանը։

Նա նշեց, որ այս միջոցառումը պատշաճ հանրայնացնելու, դրա մասին ավելի լայն իրազեկում ապահովելու համար անհրաժեշտ է առանձին թվային, ֆիզիկական, գովազդային արշավ համապատասխան մարքեթինգային գործիքակազմով, որին էլ ուղղված է այս որոշման նախագիծը։

«Ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2024 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում։ Ցուցադրությունը տևելու է 6 ամիս։ Ակնկալվում է, որ ցուցադրության վեց ամիսների ընթացքում թանգարանը կունենա նվազագույնը 300 000 այցելու, իսկ հանրահռչակման արդյունքում՝ շուրջ 1 միլիոն մարդ տեղեկացված կլինի ցուցահանդեսի մասին»,- ասաց Անդրեասյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս