Տեմպը թուլանում է

Վերջին շրջանում նկատվում է Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպի թուլացում։ Երկու ամսվա ընթացքում աճի տեմպը 3,1 տոկոսային կետով նվազել է։ Եթե առաջին եռամսյակի արդյունքներով հասնում էր 14,3 տոկոսի, ապա հինգ ամիսներին կազմել է 11,2 տոկոս։

Աճի տեմպի բավական մեծ անկում է գրանցվել հատկապես մայիսի արդյունքներով։

Մայիսին տնտեսական գործընթացներն էապես դանդաղել են. ակտիվության աճը կազմել է ընդամենը 5,2 տոկոս, ինչը կիսով չափ պակաս է նախորդ ամսվա ցուցանիշից։

Նշենք, որ ապրիլին տնտեսական ակտիվությունը հասնում էր 10,4 տոկոսի, մարտին գերազանցում էր 15 տոկոսը, իսկ փետրվարին մոտ էր 17 տոկոսին։

Կարդացեք նաև

Այսպիսի բարձր աճերից հետո, մայիսին ակտիվությունը կտրուկ թուլացել է՝ պայմանավորված գերազանցապես մեկ գործոնով։ Տնտեսական գործընթացները դանդաղել են հատկապես արդյունաբերության մեջ։

Ինչպես այդ գործոնի արդյունքում նախորդ ամիսներին տնտեսությունը հայտնվեց թվացյալ բարձր ակտիվության տիրույթում, այնպես էլ հիմա հակառակ պրոցեսն է տեղի ունենում։

Մայիսին արդյունաբերության աճի տեմպը էապես ընկել է՝ կազմելով 6,9 տոկոս։

Որպեսզի հնարավոր լինի պատկերացնել, թե ինչ կտրուկ փոփոխություններն են տեղի ունեցել արդյունաբերության ցուցանիշներում, մի քանի ամսով հետ գնանք։

Ապրիլին արդյունաբերության ոլորտում գրանցվել էր 16,3 տոկոս, մարտին՝ 33,5 տոկոս, իսկ փետրվարին՝ 36,6 տոկոս աճ։ Համեմատելու  դեպքում կստացվի, որ ապրիլի նկատմամբ մայիսին արդյունաբերության մեջ աճի տեմպը ընկել է գրեթե 2,5, մարտի նկատմամբ՝ 5, իսկ փետրվարի նկատմամբ՝ 5,3 անգամով։

Այսպիսի դրսևորումների հետևանքով էլ թուլացել է՝ ինչպես տնտեսական ակտիվության աճի տեմպը, այնպես էլ՝ արդյունաբերության աճը։

Արդյունաբերության աճը, որն առաջին եռամսյակի տվյալներով՝ անցնում էր 30 տոկոսից, հինգ ամիսների արդյունքներով կազմել է 22 տոկոս։

Երկու ամսում 8 տոկոսային կետի նվազում կա։

Թե ի՞նչ է տեղի ունեցել արդյունաբերության մեջ և ինչո՞ւ արձանագրված բարձր ակտիվությունից հետո, աճի տեմպը հանկարծ միանգամից թուլացավ, հնարավոր կլինի պարզել ավելի ուշ, երբ կհրապարակվեն ոլորտային բացված ցուցանիշները։ Մինչ այդ՝ կարելի է ենթադրել, որ զգացնել են տվել այն գործոնները, որոնք դարձել էին՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ արդյունաբերության բարձր աճերի հիմքը։

Խոսքը, մասնավորապես, ոսկու հայտնի շրջանառությունների մասին է, որի վրա ամբողջությամբ նստած է Հայաստանի այս տարվա բարձր տնտեսական աճը։ Ինչպես նախկինում դրա արդյունքում բարձր աճեր էին գրանցվում, այնպես էլ հիմա տեղի է ունենում աճի տեմպի դանդաղում։

Վերջին երկու ամսվա կտրվածքով թուլացել է արդյունաբերության ոչ միայն աճի տեմպը, այլև թողարկման ծավալը։

Եթե մարտին այն հասել էր 262 մլրդ դրամի, մայիսին կազմել է 229 միլիարդ։

Արդյունաբերության մեջ արձանագրված փոփոխությունների հետ ուղղակիորեն կապված են նաև արտաքին առևտրում տեղի ունեցող դրսևորումները։

Արտաքին առևտրի մեջ մայիսին նախկին ամիսների անգամներով աճերն այլևս չկան։ Ըստ ամենայնի, կրկին կապված ոսկու առևտրի հետ։ Ոսկու առևտրի շրջանառության աճը դանդաղել է՝ ազդելով ինչպես արտահանման, այնպես էլ՝ ներմուծման աճերի վրա։

Հիշեցնենք, որ Հայաստանի այս տարվա արտաքին առևտրի բարձր աճերը գրանցվել են բացառապես ոսկու վերաարտահանումների շնորհիվ։ Առանց ոսկու՝ տնտեսության մյուս ոլորտների հաշվին իրականացված արտահանման ծավալները բավականաչափ կրճատվել են։

Մայիսին, նախորդ ամսվա համեմատ, արտաքին առևտրի շրջանառությունը կտրուկ անկում է գրանցել։ Ծավալներն ավելի քան կիսով չափ նվազել են։ Նվազել է՝ ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը։ Արտահանումը կրճատվել է՝ գրեթե 43, իսկ ներմուծումը՝ 57 տոկոսով։

Ապրիլի համեմատ մայիսի արտաքին առևտրի անկումը ցույց է տալիս, թե ինչ կտրուկ ազդեցություններ կարող են լինել, եթե հանկարծ արտաքին առևտրի շրջանառությունից դուրս գա այն մի գործոնը կամ ապրանքատեսակը, որը դարձել է վերջին ամիսներին արձանագրվող բարձր աճերի հիմքը։ Արտահանումն ու ներմուծումը սերտորեն փոխկապակցված ցուցանիշներ են. Արտահանումը նվազել է, որովհետև նվազել է ներմուծումը։ Ներմուծման հաշվին է տեղի ունենում արտահանման աճը։ Երբ ներմուծում չկա կամ ավելի քիչ է, կրճատվում է նաև վերաարտահանումների հաշվին գրանցվող արտահանումը։

Եթե այս միտումը շարունակի պահպանվել, առաջիկայում, ինչպես արտաքին առևտրի, այնպես էլ ընդհանրապես տնտեսական աճի հետ կապված լուրջ խնդիրներ կառաջանան։

Էապես դանդաղել է նաև ծառայությունների ոլորտի աճը՝ պայմանավորված հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ճյուղի ու տրանսպորտային փոխադրումների ծավալների կրճատմամբ։

Արդեն մի քանի ամիս անընդմեջ ՏՏ-ում թողարկումները նվազում են։ Ապրիլին կրճատումը հասավ ընդհուպ 20 տոկոսի։

Ոլորտի ընդհանուր անկումը չորս ամիսներին 8 տոկոսի սահմաններում է։

Տրանսպորտի շրջանառության կրճատումն էլ անցնում է 16 տոկոսից։

Այս երկու առանցքային ոլորտներում տեղի ունեցող բացասական փոփոխությունների հետևանքով, ծառայությունների ոլորտում աճի տեմպերը կտրուկ դանդաղել են։ Հինգ ամսվա տվյալներով աճը կազմել է ընդամենը 3,7 տոկոս՝ եռամսյակի համեմատ նվազելով 1,3 տոկոսային կետով։

Տնտեսության մեջ մայիսին տեղի ունեցած միտումները մեկ անգամ ևս վկայում են, որ Հայաստանում արձանագրվող բարձր տնտեսական աճերը մազից են կախված։ Դրանք պայմանավորված են այնպիսի գործոններով, որոնք ցանկացած պահի կարող են դադարել ու փաստի առաջ կանգնեցնել «համաշխարհային մակարդակի» աճերի սիրահարներին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս