ԱՄՆ-ը Հայաստանին ճնշելով՝ պարտադրում է կապիտուլյացիա. Հրանտ Միքայելյան

Հուլիսի 10-ին Վաշինգտոնում կայացավ Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպումը, ինչից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները տարածած հաղորդագրություններով նշել են՝ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցվել է առաջընթաց, և համաձայնել են շարունակել աշխատանքները:

Այս եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին՝ հանդիպումը կազմակերպելու համար, և վերահաստատել՝ Հայաստանն ունի քաղաքական կամք՝ Ադրբեջանի հետ ամենասեղմ ժամկետներում ավարտին հասցնելու և կնքելու խաղաղության պայմանագիր, որը կայունություն ու խաղաղություն կբերի Հարավային Կովկասին։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, խոսելով այս հանդիպման ու դրանից հայկական կողմի ձեռքբերումների մասին, շեշտեց՝ այն չի մոտեցնի այդքան թմբկահարված Խաղաղության պայմանագրի ստորագրումը, անգամ չի ստորագրվի այն պարագայում, երբ Հայաստանի այս իշխանությունը դեմ չէ Ալիևի որևէ պահանջի կատարմանը։

«Ադրբեջանը կարող է շարունակել պարտադրել զիջումներ և պարտադրել ոչ թե՝ թղթով, այլ՝ բանավոր պայմանավորվածություններով. Ալիևը ստորագրության տակ չի մտնի։ Այո, ԱՄՆ-ի կողմից որոշակի ճնշում գործադրվում է Ալիևի վրա, բայց փաստն այն է, որ այդ ճնշումը բացարձակապես բավարար չէ։ Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ ԱՄՆ-ը իրենց նկատմամբ պատրաստ չէ կոշտ ճնշումներ կիրառել, բանավոր ճնշումներն էլ իրենք մարսում են»,- ասաց քաղաքագետը։

Կարդացեք նաև

Վերջինիս համոզմամբ՝ ԱՄՆ-ը ճնշում է նաև Հայաստանին և պարտադրում գնալ զիջումների, որովհետև իրենց համար էական է պայմանագրի առկայությունը։

Ճշտող հարցին՝ ուրիշ ի՞նչ զիջում է ԱՄՆ-ը պահանջում Հայաստանից, Միքայելյանն արձագանքեց.

«ԱՄՆ-ը Հայաստանին ճնշելով՝ պարտադրում է կապիտուլյացիա»,- ասաց Միքայելյանը՝ շեշտելով, որ ընդամենը խնդիր է դրված՝ ԱՄՆ շահերը սպասարկել Հայաստանի հաշվին, և դա այն դեպքում, երբ Հայաստանի իշխանություններն իրենց անգրագիտությամբ և թուլությամբ տրվում են զիջումներին և հայկական շահը թողած՝ մտածում են կարճ ժամկետում արտաքին քաղաքական դերակատարների շահերը սպասարկելու մասին, հետևապես մեղադրել պետք է ոչ թե աշխարհաքաղաքական կենտրոններին՝ իրենց շահերին տեր կանգնելու համար, այլ Հայաստանի իշխանությանը՝ Հայաստանի շահը զոհելու համար։

Հարցին՝ եթե ԱՄՆ նպատակը կապիտուլացված Հայաստանն է, այդ դեպքում ինչո՞վ է բացատրվում այն, որ Հայաստան է գալիս ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը և հայտարարում, որ Հայաստանում է՝ այս երկրի դիմակայունությունը բարձրացնելու առաքելությամբ, Հրանտ Միքայելյանը պատասխանեց.

«Այո՛, դիմադրողականությունն ուզում են բարձրացնել, բայց ընդդեմ Ռուսաստանի և ոչ թե՝ Ադրբեջանի։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն աջակցում է ոչ թե պետությանը, այլ այդ պետությունում տեղակայված ամերիկյան շահը սպասարկողներին. Աջակցելու են ԱՄՆ-ի շահը սպասարկող քաղաքական գործիչներին, հասարակական գործիչներին, լրատվամիջոցներին։ ԱՄՆ-ի ներկայացուցիչները չեն գալիս Հայաստանի հարցերը լուծելու, նրանք մտածում են, թե տարբեր երկրներում ինչպես կարող են իրենց հարցերը լուծել»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս