Բաժիններ՝

Հարց բժշկին. ինչպե՞ս պաշտպանվել միջատների և սողունների խայթոցներից. մանրամասնում է մասնագետը

Միջատների ու սողունների խայթոցները մի շարք դեպքերում կարող են ալերգիաների, թունավորումների, և որոշ դեպքերում՝ որոշակի հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։ Միջատներն ու սողունները սովորաբար ակտիվանում են ամռանը, ինչի հետևանքով նրանց հետ չառնչվելն ու նրանց խայթոցներից զերծ մնալը դառնում է անհնար: Սակայն ճիշտ առաջին օգնություն ցուցաբերելով և ժամանակին մասնագետ-բժշկին այցելելով՝ կարելի է խուսափել մի շարք բարդություններից: Խայթոցների տեսակների, դրանից առաջացող հետևանքների և առաջարկվող լուծումների մասին՝ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում զրուցել ենք «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի բժիշկ, ԵՊԲՀ ռազմադաշտային թերապիայի ամբիոնի դասախոս Ռուզաննա Խաչիկյանի հետ:

Բժիշկը նշեց, որ խայթոցներից առաջացած տեղային երևույթներն են ցավը, այտուցը, կարմրածությունը, քորը և այլն։ Սակայն, ըստ նրա, միջատների խայթոցը կարող է առաջացնել անգամ կյանքին վտանգ սպառնող երևույթներ, շոկ, շնչահեղձումներ և այլն:

Մասնագետը ցանկացած տիպի խայթոցի դեպքում խորհուրդ տվեց հոսող ջրով առաջնայինը լվանալ խայթոցի տեղը, դնել սառը թրջոց կամ սառույցի կտոր, օգտագործել հատուկ սառեցնող, հանգստացնող և հակաալերգիկ դեղամիջոցներ։

«Եթե քորը և այտուցը չեն անցնում առաջիկա ժամերի ընթացքում, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի: Իսկ ալերգիկ երևույթների առկայության դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի՝ կյանքին սպառնացող խնդիրներից խուսափելու համար»,-նշեց բժիշկը։

Գայանե Գաբոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս